Բաժիններ՝

Մխիթարյանը «Հալ Սիթի»-ի դեմ խաղում նույնքան ավերիչ էր, որքան Հիթ Լեջերի Ջոկերը. Manchester Evening News

Անգլիական Manchester Evening News կայքը լայնածավալ հոդվածով անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին «Հալ Սիթի»-ի դեմ խաղում: Անգլիական կայքը գրում է, որ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրած 30 րոպեների ընթացքում ցույց է տվել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, թե ինչու պետք է ինքը լինի թիմի մեկնարկային կազմում:

«Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում՝ «Սաութեմփթոն»-ի դեմ խաղում Մխիթարյանը նման էր «Քրեական ընթերցանություն» ֆիլմում Քրիստոֆեր Ուոքենի մարմնավորած հերոսին, ով կարճ ժամանակում կարողանում էր գրավել մարդկանց: «Հալ Սիթի»-ի դեմ խաղում Մխիթարյանն այնքան ավերիչ էր, որքան «Մռայլ ասպետ»-ը ֆիլմում Հիթ Լեջերի մարմնավորած հերոսը՝ Ջոկերը: Նա խաղի մեջ մտավ ու միանգամից քաոս ստեղծեց մրցակցի համար»,- գրում է կայքը:

Անգլիական կայքն արձանագրել է, որ «Հալ Սիթի»-ի դեմ խաղում Մխիթարյանն ավելի շատ հարված է կատարել, քան Ռունին ու Մատան, ընդամենը երկու անգամ է կորցրել գնդակը: «Սա տպավորիչ ցուցանիշ է, երբ 30 րոպե բախվում ես «Հալ Սիթի»-ի կառուցած պատին: Մխիթարյանի ներկայությամբ Իբրահիմովիչը ստիպված չէր լինում նահանջել գնդակ ստանալու համար, իսկ Պոլ Պոգբան ավելի շատ ստեղծագործելու հնարավորություն էր ստացել: Լուի վան Գալի օրոք 4-2-3-1 խաղային տակտիկան խնդիրներ էր առաջացնում, սակայն այժմ թիմի որակները թույլ են տալիս այդպես խաղալ, հատկապես, երբ Մխիթարյանը մեկնարկային կազմում է»,- եզրափակել է հոդվածագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս