«Մի հատ էդ ոխակալությունը մեջներիցդ հանեք». Գուրգեն Եղիազարյան

«Սասնա ծռերը» Հայաստանը բաժանեցին երկու հատվածի: Մենք պետք է հասկանանք, որ այսպես ապրել չի կարելի, ու պետք է սրանից լրջագույնս հետևություններ անել: Դա մի պոռթկում էր, ու, Աստված չանի՝ լինի երկրորդը, երրորդը… փոքրիկ Հայաստանը նման պոռթկումների չի դիմանա: Այսօր մեր պետականությունը վտանգված է ինչպես՝ ներսում, այնպես էլ՝ դրսում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման դիտարկում արեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ մենք փոփոխության կարիք ունենք. «Դա հասարակությունն է պահանջում: Էն, որ վեր են կանգնում՝ թքում են ամեն ինչի վրա, դրա ուղիղ պատասխանն է»:

Նա դիմեց իշխանություններին. «Այնպես արեք, որ «Սասնա ծռերը» կատարյալ բուժում ստանան, այնպես արեք, որ այդ տղաներից որևէ մեկը հանկարծ հաշմանդամ չմնա: Պետք է մտածել նրանց՝ քաղաքացիական հիվանդանոցներում, ոչ թե՝ բանտային պայմաններում բուժման մասին: Մի հատ էդ ոխակալությունը մեջներիցդ հանեք: Եթե նրանք այդպես ոխակալությամբ լցված լինեին, այսօր հազարավոր զոհեր կլինեին, ու հայտնի չէր լինի, թե Հայաստանը որտեղ կգտնվեր»:

ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այն կարծիքին չէ, որ ոխ կա. «Ողբերգություն էր, որ ունենք երեք զոհ, վիրավորներ: Այսօր հարցն իրավական դաշտում է. լուծումը քաղաքական դաշտից տեղափոխվել է իրավական դաշտ, որից հետո քաղաքական վերլուծությունն ավելի օբյեկտիվ կլինի: Այսօր իրոք դժգոհություն կա, բայց դժվար է դա կապել այս կամ այն քաղաքական ուժի հետ»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով սպասվող ՏԻՄ ընտրություններին՝ Գ. Եղիազարայանը նշեց. «Պարզ չէ՞, թե ինչ է լինելու: Լինելու է նույն աղբը: Այդ ընտրություն կոչվածը կամ կա, կամ չկա Հայաստանում…»:

Լ. Ալեքսանյանի խոսքով, սակայն, այս 25 տարվա ընթացքում չի եղել որևէ քաղաքական ուժ, որն այլընտրանքային ծրագիր ներկայացնի, օրինակ՝ ընտրությունների ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս