«Վերադարձնելուց տուգանային տոկոսներն էլ վերցրեք». Ազատ Արշակյանը՝ Սուքիաս Ավետիսյանին

«Արցախում քառօրյա պատերազմից հետո հետևություններ արել են ու պաշտպանական բնագավառում լուրջ քայլեր են ձեռնարկվում, ինչը շատ կարևոր է: Նրանք զբաղված են նաև իրենց առօրյա աշխատանքով, բայց, ցավոք, մեր հանրության մեջ երբեմն իրենց վրա ուշադրություն սևեռելու ակնկալիքով հանդես են գալիս մարդիկ կամ քաղաքական ուժեր, որոնք փորձում են դրսից թելադրված, արհեստածին հայտարարություններ անել տարածքների հանձնման, ինչ-որ գաղտնի բանակցությունների հետ կապված, ինչն իրականությանը չի համապատասխանում: Ասում եմ՝ դրսից են ներմուծված, որովհետև դրանց նպատակը մեզ մոտ ներքին հակասություններ, ներքին բախումներ հրահրելն ու դրանով որոշակի խնդիրներ լուծելն է, կամ դրսից ղեկավարվող որոշակի ուժերի՝ այստեղ ընդլայնվելու փորձեր անելն է»,- այսօրվա ասուլիսին այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ շեշտելով, որ որպես պետություն՝ պետք է շատ զգույշ լինենք ու թույլ չտանք, որ նման արհեստածին շարժումները մեզ մոտ ներմուծվեն ու փորձեն արմատներ գցել:

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած 800 հա տարածքի փաստին, որի մասին բարձրաձայնեց Սերժ Սարգսյանը՝ ասաց, որ ոչ մի միլիմետր հող հանձնելու իրավունք չունենք. «Ու կարևոր չէ՝ ռազմավարակա՞ն են այդ տարածքները, ռազմավարական չե՞ն: Մենք վերադարձնելու խնդիր ունենք: Վուդրո Վիլսոնի գծած քարտեզը սահման է, տարածք է, որը պետք է վերադարձնենք»:

Սուքիաս Ավետիսյանը, սակայն, նկատեց՝ նախագահն ընդամենն արձանագրել է փաստը, ինչից հետո, ըստ նրա՝ բազմիցս լսել ենք պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կարծիքը, որ մեկ օր բոլորս կտեսնենք, որ այդ տարածքները նորից վերադարձվել են տիրոջը՝ Արցախի ժողովրդին կամ Արցախին:

Ազատ Արշակյանը հեգնեց. «Վերադարձնելուց տուգանային տոկոսներն էլ վերցրեք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս