
UNFP-ն Ադրբեջանի աղջնակների վրա 15-ամյա փորձ կկատարի

Ազգաբնակչության ոլորտում ՄԱԿ-ի հիմնադրամը (UNFP) մասշտաբային նախագիծ է սկսել հետամնաց երկրներում, այդ թվում` Ադրբեջանում աղջիկ երեխաների ներուժը բարձրացնելու, ինքնազարգացման եւ բարձրագույն կրթություն ստանալու գործում աղջիկ-դեռահասներին ոգեւորելու նպատակով:
«Բելսատ» գործակալությունը տեղեկացնում է, որ նախագծի էությունը նրանում է, որ UNFP-ն 15 տարի հետեւելու է ընտրված մասնակիցների կյանքին, որպեսզի «նկարագրի այն բոլոր մարտահրավերները, որոնց նրանք բախվում են, եւ այն հնարավորությունները, որոնք տալիս է հասարակությունն ու պետությունը նրանց իրավունքներն ու ներուժը իրականացնելու համար»:
Նախագծին մասնակցում են Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի 17 երկրներ: Ընտրված դեռահասներին առաջարկվում է պատասխանել մի շարք հարցերի եւ պատմել ապագայի իրենց ծրագրերի եւ երազանքների մասին:
Բելառուսում UNFP-ի մասնագետ Ագնիա Ասանովիչն այդ առնչությամբ haqqin.az կայքի թղթակցին հայտնել է, որ յուրաքանչյուր աղջնակի պատմությունը կտեղադրվի ՄԱԿ-ի կայքում: 2030 թվականին իրենք դարձյալ կհանդիպեն մասնակիցների հետ եւ կձայնագրեն հերթական հարցազրույցը, որպեսզի գնահատեն, թե նրանց հաջողվե՞լ է, արդյոք, իրականացնել իրենց պլանները, եւ ի՞նչ է փոխվել իրենց կյանքում:
Ադրբեջանցի հոգեբան Վ. Ալիբեկովան գտնում է, որ դա լավ հնարավորություն է մասնակիցների համար, քանի որ «ադրբեջանական ընտանիքների մեծ մասում աղջիկ երեխայի ծնվելու պահից սկսած արդեն գծում են նրա կյանքի սցենարը, ինչն անառողջ երևույթ է»:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` վերջին տարիներին Ադրբեջանում շատ ընտանիքներ հրաժարվում են աղջիկ երեխա ունենալ, շատերն էլ նրանց ամուսնացնում են անչափահաս տարիքում: