
Չավուշօղլուն անակնկալ այցելել է Հունաստան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ոչ պաշտոնական` չհայտարարված այցով գտնվում է Հունաստանում: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, այցը տեղի է ունեցել Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Կոդզիասի հրավերով: Չավուշօղլուն եւ Կոդզիասը հանդիպել են Հունաստանի Կրետե կղզում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նախարարները ԶԼՄ-ների համար արած հայտարարության մեջ նշել են, որ Հունաստանն ու Թուրքիան մտադիր են զարգացնել երկկողմանի քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները եւ շարունակել վստահության միջոցառումների գծով երկխոսությունը:
Նիկոս Կոդզիասի խոսքով` Հունաստանը Թուրքիայի հետ «առանձնահատուկ հարաբերություններ եւ հետաքրքրություններ» ունի: Մեւլյութ Չավուշօղլուն էլ հայտարարել է, որ «կողմերը ցանկություն են հայտնել էլ ավելի լավացնել իրենց հարաբերությունները»:
Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո դա թուրքական բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Հունաստան: