Բաժիններ՝

Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսի 27-ին Իջևանում ներկա է գտնվել Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը:

Նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մեկնարկին նվիրված աշխատանքային խորհրդակցության սկզբում մարզպետարանի կրթության, երիտասարդության և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը ներկայացրել է 2015-2016 ուսումնական տարում մարզի կրթության ոլորտում իրականացված աշխատանքերի հաշվետվությունը:

Նշվել է, որ մարզում գործում է 81 հանրակրթական դպրոց, որից 4-ը` ավագ: 2015-2016 ուսումնական տարվա սեպտեմբերին առաջին դասարանցիների թիվը կազմել է 1737, իսկ նոր ուսումնական տարում կանխատեսվում է 1792:

Մարզում գործում են 48 նախադպրոցական հիմնարկներ, և աշխատանքներ են տարվում մանկապարտեզների, այդ թվում նաև նախակրթարանների և մանկապարտեզ հաճախող երեխաների թվի ավելացման ուղղությամբ: 2016թ. նախակրթարաններ կբացվեն մանկապարտեզ չունեցող ևս 8 համայնքում: Մարզի 77 հանրակրթական դպրոցներից 32-ը ունեն լոկալ ջեռուցում, 2 դպրոց ջեռուցվում են էլեկտրական սալիկներով, 41 դպրոց՝ գազի, 2 դպրոց՝ դիզելային վառելիքի վառարաններով : 2015թ. ընթացքում պետբյուջեի միջոցներով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Կողբի թիվ 1, Ներքին Ծաղկավանի, Իջևանի թիվ 5, Գանձաքարի, Արճիսի դպրոցներում:

Մարզի դպրոցներում աշխատում են շուրջ 2120 ուսուցիչ, որոնց մեծ մասն ունի բարձրագույն կրթություն: Յուրաքանչյուր տարի ատեստավորվում է ուսուցիչների թվաքանակի 1/5-ը: 2013-2016 թվականների ընթացքում տարակարգի ստացման համար մարզից 12 ուսուցիչ դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն և ստացել որակավորման առաջին աստիճանի տարակարգ: ՀՀ կառավարության ծրագրով և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ 2015-2016 ուստարում զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան 220 դպրոցականներ իրենց ամառային հանգիստն անցկացրել են Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում:

ՄԱԿ-ի «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի դպրոցների 1-4-րդ դասարանցիները ևս ապահովվում են անվճար սնունդով:

Խորհրդակցության ընթացքում ծավալուն ելույթով հանդես է եկել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ ներկայացնելով կրթության համակարգում իրականացված փոփոխությունները, ընդգծել է, որ ակնկալում է մանկավարժների մասնագիտական գնահատականները կատարված քայլերի ու առկա խնդիրների վերաբերյալ. «Ես չէ, որ հայրենասիրության դասեր պետք է տամ ձեզ. տավուշցիներդ ամենօրյա կյանքով և աշխատանքով գործնականում ապացուցում եք ձեր հայրենասիրությունը: Տավուշի մարզի ուսուցիչներն արդեն իսկ գործնական հայրենասիրության օրինակ են: Մեր իրականությունում, ցավոք, հաճախ հայրենասիրության դրսևորումները վիրտուալ տիրույթում են , եթե մենք այն ամբողջությամբ իրական կյանք բերենք, կրթությունն իր հիմնական առաքելությունը կիրականացնի: Հենց այս հայրենասիրությունն է, որ նկարագրել ենք կրթության զարգացման ծրագրում` տալով կրթության տեսլականը` հայ տեսակի շարունակության ապահովում,-նշել է նախարարը և ընդգծել,-այսօրվա մեր երեխաները դասագիրք չեն սիրում, դասագրքերը օտար են մեր երեխաների համար, այնինչ դասագրքի միջոցով պետք է ապահովենք մեր սերնդի հայրենասիրական դաստիարակությունը, որն էլ իր հերթին կնպաստի հայ տեսակի պահպանմանը»:

Այնուհետև Լևոն Մկրտչյանը անդրադարձել է կրթության ոլորտի փոփոխություններին, հիմնական ուղղություններին ու խնդիրներին: Նա կարևորել է կրթության որակի բարձրացմանը, դասագրքերին, ուսուցման կազմակերպման ձևերին ու միջազգային չափանիշներով ազգային կրթահամակարգ ունենալուն վերաբերող հարցերը: Նախարարը ներկայացրել է նաև 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում երեք պարտադիր ուսումնական առարկա ընտրելու փոփոխությանը, ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրմանը, դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների վերանայմանը, ներառական կրթությանն առնչվող հարցեր:

Ներառական կրթության հիմնախնդիրներին անդրադարձել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը, ելույթներով հանդես են եկել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը և լեզվաբան Լավրենտի Միրզոյանը:
Խորհրդակցության ավարտին կրթության ոլորտում ունեցած ավանդի համար Տավուշի փոխմարզպետ Կարեն Ադամյանը մի խումբ մանկավարժների Տավուշի մարզպետի անունից պատվոգրեր է հանձնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս