Մոսկվան արձագանքում է Երևանում ՌԴ քաղաքացու ձերբակալությանը. «ԱՄՆ-ը փորձում է գժտեցնել Ռուսաստանին և Հայաստանին»

Ռուսաստանյան լրատվամիջոցները շարունակում են իրենց ուշադրության կենտրոնում պահել Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալության փաստը, որին նախօրեին հայ իրավապահները ԱՄՆ-ի պահանջով ձերբակալել էին «Զվարթնոց» օդանավակայանում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Զվարթնոցում» ԱՄՆ-ի պահանջով ձերբակալվել է ՌԴ քաղաքացի, Մոսկվայի բնակիչ Սերգեյ Միրոնովը:

Նրա փաստաբան Կարեն Ներսիսյանը հայտարարել է, որ տղամարդը կասկածվում է փողերի լվացման և ռազմական տեխնոլոգիաներ փոխանցելու համար:

Ներկայում Միրոնովը ձերբակալված է և գտնվում է քննչական մեկուսարանում:
Հավանաբար, երկուշաբթի կկայանա նրա դատական նիստը, որտեղ դատարանը կորոշի նրան ԱՄՆ-ին արտահանձնելու հարցը:

Հայաստանից պահանջելով Միրոնովի արտահանձնումը՝ ԱՄՆ-ը փորձում է գժտեցնել Մոսկվային և Երևանին, կարծում է ռուս սենատոր, Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ֆրանց Կլինցևիչը

«Չգիտեմ, թե որքանով են հիմնավորված Ռուսաստանի քաղաքացուն ուղղված մեղադրանքները: Այդ հարցը կարելի է լուծել ընդհանուր կարգով, սակայն տվյալ դեպքում խոսքը ոչ միայն ու ոչ այնքան ԱՄՆ-ի սովորական պրակտիկայի մասին է՝ փորձ իր իրավասության ներքո վերցնել ողջ աշխարհը»,- հայտարարել է Կլինցևիչը RIA Novosti-ի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հետապնդում է ևս մեկ միանգամայն որոշակի նպատակ՝ «երկպառակության քար գցել Ռուսաստանի և Հայաստանի միջև»:

«Շատ կցանկանայի հուսալ, որ հայկական կողմը դա նկատի կունենա՝ Սերգեյ Միրոնովին ԱՄՆ արտահանձնելու հարցի քննարկման ժամանակ»,- ասել է սենատորը:
Իր հերթին, ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել Միրոնովի ձերբակալությունը՝ առաջարկելով այդ հարցի շուրջ խորհրդակցել Հայաստանի իշխանությունների հետ:

«Այդ հարցի վերաբերյալ առաջարկում ենք ձեզ դիմել տեղի իշխանություններին»,- RIA Novosti-ի հարցմանը ի պատասխան՝ ասել է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Էլիզաբեթ Տրյուդոն:

Տեսանյութեր

Լրահոս