ԱՄՆ Պետդեպը չի մեկնաբանել Երևանում ՌԴ քաղաքացու ձերբակալությունը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել Երևանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալությունը՝ առաջարկելով այդ հարցի շուրջ խորհրդակցել Հայաստանի իշխանությունների հետ:

«Այդ հարցի վերաբերյալ առաջարկում ենք ձեզ դիմել տեղի իշխանություններին»,- RIA Novosti-ի հարցմանը ի պատասխան՝ ասել է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Էլիզաբեթ Տրյուդոն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ-ի պահանջով ձերբակալվել է ՌԴ քաղաքացի, Մոսկվայի բնակիչ Սերգեյ Միրոնովը:

Նրա փաստաբան Կարեն Ներսիսյանը հայտարարել է, որ տղամարդը կասկածվում է փողերի լվացման և ռազմական տեխնոլոգիաներ փոխանցելու համար:

Ներկայում Միրոնովը ձերբակալված է և գտնվում է քննչական մեկուսարանում:

Հավանաբար, երկուշաբթի կկայանա նրա դատական նիստը, որտեղ դատարանը կորոշի նրան ԱՄՆ-ին արտահանձնելու հարցը:

«Դեռ մենք հստակ չգիտենք, թե ինչում են նրան մեղադրում: Ձերբակալության ժամանակ հայտարարել են, որ նա հետախուզվում է ԱՄՆ-ի իշխանությունների կողմից 50 հազար դոլարի լվացման և ինչ-որ տեխնոլոգիաներ փոխանցելու մեջ»,- RIA Novosti-ին հայտնել էր Կարեն Ներսիսյանը՝ նշելով, թե իր պաշտպանյալը մատչում չի ունեցել ռազմական տեխնոլոգիաներին, իսկ ԱՄՆ-ում եղել է ընդամենը 1 անգամ՝ 2013-ին:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից TASS գործակալությանը հայտնել են, որ Հայաստանում ՌԴ դեսպանությունը զբաղվում է Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալության հարցերով:

«Դեսպանությունը զբաղվում է տվյալ հարցով»,- ասել է դեսպանության խորհրդական Օլեգ Շապովալովը:

Գործակալությունը հաղորդում է, որ իրեն չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ ո՛չ այդ գերատեսչությունց, ո՛չ Հայաստանի ոստիկանությունից:

Տեսանյութեր

Լրահոս