Եղծ մեդալոց
Ասում են՝ մեդալը երկու երես ունի։ Ինչպես փայտը՝ երկու ծայր, կամ ինչպես դեմքը՝ երկու թուշ, գլուխն էլ՝ անկախ բովանդակության պարունակությունից, երկու ականջ։
Հայաստանում հատկապես ու առավել ևս ամեն ինչ երկերեսանի է ու երկսայր։ Հասարակության մեծամասնության համար սոցիալ-տնտեսական, քաղաքական ու բարոյական իրավիճակը խայտառակ վատն է, իշխանության փոքրամասնության համար՝ խայտառակ ու աննախադեպ լավը։ Հատկապես տնտեսականի մասով՝ աննախադեպ։
Առավել ևս՝ բարոյականի մասով՝ խայտառակ։ Բարոյականության բացակայության պատճառով, բնականաբար։ Որովհետև գոյություն չունեցող մատերիաների բացակայությունը չի զգացվում։ Ու ինչպես հայրենիքից թռնելը հայրենալքում չէ, այնպես էլ բարոյալքում չէ չունեցած բարոյականության կորուստը։
Հայաստանում հատկապես ու առավել ևս ամեն ինչ երկերեսանի է ու երկսայր։ Հասարակության մեծամասնության համար ոստիկանությունը սամասուդ անողների հրոսակախումբ է, փոքրամասնության համար՝ իրավակարգի ու երկրի կայունության պահապան։
Հասարակության մեծամասնության համար օլիգարխը հարստահարողն է ու երկրի հերն անիծողը, փոքրամասնության համար՝ տնտեսական համակարգի հիմնասյունը ու սեփական ազգուտակի բոլոր հայրերին, ու ոչ միայն հայրերին, պահողն ու պահպանողը։
Հասարակության մեծամասնության համար Ազգային ժողովը թերուս մականունավորների բազմության ու մի քանի ուսյալ անանունավորների ակումբ է, փորամասնության համար՝ քաղաքական ծրագրերի իրականացման հարթակ։ Եթե անգամ այդ ծրագրերի իրականացումը տեղի է ունենում դնչեր կոտրելով, աչքեր հանելով ու շեֆին քննադատողներին հեռակա բռնաբարելով…
Երկերեսանիության ու երկսայրության օրինակները չափազանց շատ են ու ամենուր են։ Հայաստանում կյանքը երկերեսանիությունն է, երկերեսանիությունը՝ կյանք։ Առանձնակի երկերեսանիությունը՝ գերառանձնակի կյանք։ Իսկ բոլոր նրանց համար, ովքեր մերժում են երկերեսանիությունը որպես ապրելու ալգորիթմ ընդունելու կանոնը, կյանքը ոչ միայն անգամ երկսայր չէ, այլև ունի մի սայր, որը ծակում է բոլոր հնարավոր կողմերից։
Ասում են՝ մեդալը երկու երես ունի։ Ինչպես փայտը՝ երկու ծայր, կամ ինչպես դեմքը՝ երկու թուշ, գլուխն էլ՝ անկախ բովանդակության պարունակությունից, երկու ականջ։
Ովքեր չեն հավատում, կարող են կարդալ պաշտոնական լրահոսը։ Օրերս Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով՝ Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում մեծ ներդրման համար:
Հարություն Ավետիսյան