Բաժիններ՝

Երգիչ Փրինսի՝ ամերիկյան Մինեապոլիսի մերձակա կալվածքը կբացեն զբոսաշրջիկների համար

Ամերիկացի հայտնի երգիչ եւ կոմպոզիտոր Փրինսին պատկանող կալվածքը, որտեղ նրան մեռած էին գտել այս տարվա ապրիլին, կբացվի զբոսաշրջիկների համար: Այս մասին հայտնել են Bremer Trust տրաստային ընկերությունում, որը երաժշտի ունեցվածքի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել ն րա մահից հետո:

Խոսքը Paisley Park անվանումը կրող կալվածքի մասին է, որը ներառում է առանձնատունը, որտեղ ապրել է կատարողը, ձայնագրման ստուդիան եւ դրան հարակից տարածքները: Շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով համալիրը գտնվում է Փրինսի հայրենի քաղաքում՝ Շանհասենում, որը հեռու չէ Մինեապոլիսից (Մինեսոտայի նահանգ):

«Միայն մի քանի հարյուր մարդ է հնարավորություն ունեցել Փրինսի կյանքի օրոք Էքսկուրսիա կատարել Paisley Park-ում,- ասված է երգչի քրոջ՝ Թայքա Նելսոնի հայտարարության մեջ:-Իսկ այժմ ամբողջ աշխարհից Փրինսի երկրպագուները կկարողանան առաջին անգամ շփվել նրա աշխարհի հետ, հենց որ մենք նրանց համար բացենք այս զարմանալի վայրի դռները»: Նրա խոսքով՝ երաժիշտը վաղուց էր ուզում բոլոր ցանկացողների համար շրջագայություններ կազմակերպել իր կալվածք եւ ակտիվորեն այդ ծրագիրը մշակում էր իր կյանքի վերջին տարիներին:Paisley Park էքսկուրսիաները կսկսվեն արդեն հոկտերբերին:

Ինչպես հայտնել են Bremer Trust-ում, շրջագայության ընթացքում երաժիշտի երկրպագուներին կցուցադրեն «հազարավոր արտեֆակտեր», որոնք կապված են Փրինսի կյանքի եւ գործունեության հետ, ինչպես նաեւ նրա անձնական արխիվները: Փրինսին (իսկական անունը՝ Փրինս Ռոջերս Նելսոն) Paisley Park-ում մեռած գտել են այս տարվա ապրիլի 21-ին: Փորձագետները եկել են այն եզրակացության, որ մահվան պատճառ է դարձել դժբախտ պատահարը:

Փրինսը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1982 թվականին իր «1999» խորագրով ալբոմի թողարկումից հետո: Երբ երգիչը գտնվում էր իր փառքի գագաթնակետին, համարվում էր, որ ԱՄՆ-ում իր ժողովրդականությամբ նա զիջում է միայն Մայքլ Ջեքսոնին (1958-2009): Փրինսը եղել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Օսկար»-ի, «Գրեմմի»-ի եւ «Ոսկե գլոբուսի» դափնեկիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս