Բաժիններ՝

ՀՀ քաղաքացիները հին նմուշի անձնագիր ստանալու համար պետք է բավարարեն 4 հիմքերից առնվազն մեկին. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ

ՀՀ քաղաքացիները հին նմուշի անձնագիր ստանալու համար պետք է բավարարեն 4 հիմքերից առնվազն մեկին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Հին նմուշի անձնագիր ստանալու ոլորտը կանոնակարգող օրենսդրության համաձայն` նշված անձնագիրը կարող է փոխանակվել

1. դրանում պարունակվող տեղեկությունները փոխելու,
2. գրառումներում անճշտություններ հայտնաբերելու,
3. անձնագիրն օգտագործման համար ոչ պիտանի լինելու,
4. վավերականության ժամկետը լրացած լինելու դեպքերում»,- գրել է ոստիկանության պաշտոնյան:

Նա նաև նշել է, որ տարածքային անձնագրային ծառայություններին իր կողմից հանձնարարվել է առանց նշված հիմքերի առկայության, ուղղակի քաղաքացու ցանկությամբ նշված անձնագրերը չփոխանակել:

«Անհրաժեշտ է տեղեկանալ նաև, որ հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ 5 տարով:

Բացառություն կարող է լինել միայն մեկ դեպքում, երբ անձնագրի վավերականության ժամկետի ավարտին մնացել է 6 ամսից քիչ ժամկետ և քաղաքացին ճամփորդում է այնպիսի երկիր, որտեղից պահանջվում է անձնագրի առնվազն 6-ամսյա վավերականության ժամկետ:

Պահանջը պայմանավորված է տեղերում հերթերից խուսափելու, ինչպես նաև այն քաղաքացիների անձնագիր ստանալու իրավունքը անխոչընդոտ իրացնելու նպատակով, որոնց անձնագրերը բավարարում են վերը նշված պահանջներին և ենթակա են փոխանակման:

Հորդորում ենք չանհանգստանալ, քանի որ ներկայիս իրավակարգավորումների համաձայն մինչև 2019թ. հունվարի 1-ը քաղաքացին կարող է դիմել հին նմուշի անձնագիր ստանալու համար»,-գրել է Մնացական Բիչախչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս