Թուրքական տանկային երրորդ շարասյունը պատրաստ է մտնել Սիրիա

Թուրքիան կարող է Սիրիա մտցնել տանկային երրորդ շարասյունը, եթե Քրդական ժողովրդական ինքնապաշտպանական (YPG) եւ «Դեմոկրատական միության» (PYD) ջոկատները չլքեն Եփրատի արեւմտայան ափին գտնվող Մանբիջ քաղաքը:

Այս մասին գրում է թուրքական HaberTurk թերթը` հղում կատարելով ռազմական աղբյուրներին:

Թերթը գրում է, որ YPG-ի եւ PYD-ի մարտիկները պետք է հետեւեն ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնությանը, որը նրանց պարտադրում է լքել Եփրատի աջ ափը:

Սիրիացի քրդերի զինված ջոկատների հրամանատարությունը, ի պատասխան Եփրատի աջ ափից հեռանալու ԱՄՆ-ի հորդորներին, հայտարարել էր, որ իրենք չեն հեռանա Եփրատի արեւմտյան ափից, քանի որ այդ շրջանները քրդաբնակ են եւ արյուն են թափել այդ տարածքները «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներից ազատագրելու համար:

ԻՊ-ի մարտիկներից Սիրիան ազատագրելու անվան տակ Թուրքիայի զինված ուժերը օգոստոսի 24-ին «Եփրատի վահան» կոչված ռազմական գործողությամբ ներխուժել են սիրիական Ջարաբուլուս քաղաք:

Միջազգային, ինչպես նաեւ թուրքական ընդդիմադիր ԶԼՄ-ների համաձայն` Սիրիա ներխուժելու Թուրքիայի իրական նպատակը հյուսիսային շրջանները քրդերից մաքրելն է: Անկարան հայտարարել է, որ թույլ չի տա, որպեսզի սիրիացի քրդերը հիմնավորվեն Եփրատի աջ ափում, ինչով կմեծանա թուրք-սիրական սահմանում քրդական ինքնավարության ստեղծման հավանակունությունը:

Տեսանյութեր

Լրահոս