Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար դեռևս առաջադրվել են 2 կուսակցություններ

Գյումրիում ու Վանաձորում ՏԻՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 2-ին: Առաջին անգամ այս երկու քաղաքներում ընտրություններն անցկացվելու են նոր ընտրակարգով. համամասնական ընտրակարգով անցկացվելու են ավագանու ընտրություններ, իսկ քաղաքապետերն ընտրվելու են ավագանու կողմից:

Մինչև օգոստոսի 28-ը ժամը 18:00 քաղաքական կուսակցություններն ավագանու թեկնածուների իրենց համամասնական ցուցակները կարող են ներկայացնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ: Առաջադրումները սկսվել են օգոստոսի 18-ից:

Գյումրիում կուսակցությունների ցուցակները պետք է ներկայացվեն թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Թեև արդեն բազմաթիվ կուսակցություններ հայտարարել են ընտրություններին մասնակցելու և իրենց ցուցակի առաջին դեմքի անունը, սակայն հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու նպատակով մինչ այժմ առաջադրվել է 2 կուսակցություն. «Ալյանս» կուսակցությունը՝ 23 ավագանու թեկնածուների ցուցակով և «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 17-ով: Այս պահին գրանցման ընթացքի մեջ է նաև ԲՀԿ-ն: Յուրաքանչյուր թեկնածուի համար կազմվում է համապատասխան փաստաթղթային փաթեթ:

Ըստ նոր ընտրակարգի` կուսակցություններն ունեն 15-ից մինչև 99 թեկնածու առաջադրելու իրավունք, մինչդեռ դաշինքները` նվազագույնը 25: Արդեն իսկ ձևավորված են տեղամասերը,պատրաստ են ընտրողների նախնական ցուցակները: Ըստ այդ ցուցակների` Գյումրիում կա 126 հազար ընտրող:

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս