Անդրիաս Ղուկասյանի նախընտրած բժիշկը նրան կհետազոտի ՔԿՀ-ում
Երեկ՝ աշխատանքային օրվա ավարտին Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ներկայացրել դիմում Ա. Ղուկասյանի հացադուլի և նրա առողջական վիճակի վերաբերյալ:
Դիմում ներկայացնելուց անմիջապես հետո Ա. Թարխանյանին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նշվածից բացի, այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցի շրջանակներում տեսակցել են Ա. Ղուկասյանին: Նրա հետ տեղի է ունեցել առանձնազրույց, ինչպես նաև ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը:
Ա. Թարխանյանի դիմումում բարձրացված հարցերի լուծման նպատակով անմիջապես տեղի է ունեցել քննարկում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ:
Արդյունքում, ձեռք է բերվել պայմանավորվածություն հետևյալի մասին՝
- ապահովել Ա. Թարխանյանի կամ Ա. Ղուկասյանի նախընտրած բժշկի անարգել մուտքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը հետազոտելու նպատակով.
- Ա. Թարխանյանի դիմումում, ինչպես նաև Ա. Ղուկասյանի կողմից իր հետ առանձնազրույցի ընթացքում նշված հետազոտություններն առաջնահերթ կարգով իրականացնել քրեակատարողական վարչության կողմից՝ առաջիկա ոչ աշխատանքային օրերի ընթացքում.
- սկսել ընթացակարգ՝ ապահովելու համար Անդրիաս Ղուկասյանի հետազոտումը քաղաքացիական հիվանդանոցում:
Ա.Թարխանյանի դիմումի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է նաև քննարկման գրավոր ընթացակարգ:
Ռոնա Ահարոնյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանրային կապերի պատասխանատու