
Բելգիայում գրքերի որսի առցանց-խաղ են ստեղծել փոքեմոնների փոխարեն

Pokemon Go-ի հաջողությամբ ոգեշնչված՝ Բելգիայի տարրական դպրոցներից մեկի տնօրենը գործարկել է առցանց-խաղ, որտեղ խաղացողներին առաջարկվում է փնտրել իսկական գրքեր, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Տարրական դպրոցի տնօրեն Էվելին Գրեգուարի խաղը մի քանի շաբաթում ներգրավել է ավելի քան 40 հազար խաղացողների: Այժմ նրանք խմբով խաղում են Facebook-ում «Գրքերի որսորդներ» անվան ներքո, բայց Գրեգուարի հետագա ծրագրերի մեջ է մտնում սմարթֆոնների համար հավելվածի ստեղծումը:
Խաղի բովանդակությունն այն է, որ խաղացողներն, ի տարբերություն վիրտուալ «գրպանային հրեշներ» փոքեմոնների, թաքցնում եւ փնտրում են իսկական գրքեր: Ընթերցելուց հետո գիրքն անհրաժեշտ է վերադարձնել տեղը կամ էլ վերաուղարկել՝ մյուս «որսորդներին» տալով նոր հուշումներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: