
Թուրքիան և ԵՄ-ն սեպտեմբերին կքննարկեն փոխադարձ հետաքրքրությունները և անհանգստությունները. Մոգերինի

Թուրքիան և ԵՄ-ն սեպտեմբերի 9-ին Անկարայում կքննարկեն փոխադարձ հետաքրքրությունները և անհանգստությունները: Այս մասին այսօր հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Եվրամիություն-Թուրքիա բարձր մակարդակով հաջորդ հանդիպումը եվրահանձնակատար Յոհաննես Հանի և իմ գլխավորությամբ տեղի կունենա Անկարայում սեպտեմբերի 9-ին և հնարավորություն կտա քննարկել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօլուի և ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքի հետ բոլոր հարցերը, որոնք փոխադարձ հետաքրքրություն և անհանգստություն են ներկայացնում»,- ասվում է նրա հայտարարության մեջ:
Մոգերինին ընդգծել է, որ «Թուրքիան թեկնածու երկիր է (ԵՄ անդամակցության) և Եվրամիության կարևոր գործընկերը»:
«ԵՄ-ն նախկինի պես հակված է համագործակցել ժողովրդավարական, բաց Թուրքիայի հետ` մեր ընդհանուր խնդիրների լուծման նպատակով»,- հավելել է նա: