
Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտը 2018-ի մշակութային փառատոնը նվիրելու է Հայաստանին

Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտը նախատեսում է ԱՄՆ-ում անցկացվող 2018 թվականի մշակութային փառատոնն ամբողջությամբ նվիրել Հայաստանին: Այս մասին տեղեկացրել է ինստիտուտի միջազգային հարաբերությունների ղեկավար Մոլի Ֆենոնը` ընդգծելով, որ Հայաստ անն ունի հարուստ մշակույթ` նկատի ունենալով ոչ միայն մշակութային գլուխգործոցներն, այլեւ մարդկանց ապրելակերպը, բանահյուսությունը, պարն ու խոհանոցը:
Ֆենոնի խոսքով` ցանկություն կա զարգացնելու հայկական մշակութային սեկտորը զբոսաշրջության հետ համատեղ եւ ստեղծելու նոր աշխատատեղեր մշակութային զբոսաշրջության ոլորտում:
«Մեր նպատակն է Հայաստան բերել նոր զբոսաշրջիկների, ովքեր կանցկացնեն իրենց ժամանակի մեծ մասը մայրաքաղաք Երեւանից դուրս եւ կծանոթանան Հայաստանի մշակութային ժառանգությանը»,-ասել է նա:
Սմիթսոնյան ինստիտուտն ուսումնասիրում է Հայաստանի հին եւ հարուստ մշակույթը եւ աշխատանքներ է տանում այն պահպանելու եւ աշխարհին ներկայացնելու ուղղությամբ: Հայաստանի հետ համատեղ այն նախաձեռնել է «Իմ Հայաստան» նախագիծը: