Apple-ը սեփական սոցիալական ցանց է մշակում
Apple ընկերությունն աշխատում է Facebook-ի, Snapchat-ի եւ Instagram-ի հիման վրա սոցիալական ցանցի համար սեփական հավելվածի վրա: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը:
Apple-ի աշխատակիցների խոսքով՝ նոր ծրագիրն օգտատերերին թույլ կտա տեսագրել եւ խմբագրել տեսահոլովակները, կիրառել զանազան ֆիլտրեր եւ արդյունքին հաղորդակից դարձնել այլ յուզերների:
Ինչպես նշվում է Bloomberg-ի նյութում, ձգտելով «առավելագույն օգուտ քաղել սոցցանցերի ժողովրդականությունից»՝ ընկերությունը կողմնորոշվում է դեպի երիտասարդ օգտատերերը, որոնք օրական 30-ից մինչեւ 50 րոպե են ծախսում հանրաճանաչ հավելվածներում, որոնց թվում են Facebook-ը, Snapchat-ը եւ Instagram-ը:
Բացի տեսահոլովակներով աշխատելու գործիքներից, մշակողները պատրաստվում են հավելել սոցցանցերին հատուկ մի քանի գործառույթներ: Օրինակ՝ շփման հնարավորություն տարբեր յուզերների միջեւ: «Երկու ընկերներ կկարողանան տեսնել բոլոր տեքստային հաղորդագրությունները, էլեկտրոնային փոստը, տեսահոլովակները եւ լուսանկարները»,- հայտարարում են Apple-ում:
Դեռեւս անանուն հավելվածի մշակմանը, որի թողարկումը պլանավորվում է 2017 թվականին, մասնակցում է այն թիմը, որն ստեղծել է այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Final Cut Pro-ն եւ iMovie-ն: