«Այսպիսի անուղեղ քաղաքականություն դժվար է պատկերացնել». Հովսեփ Խուրշուդյան
Երբ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամլո քարտուղար Դավիթ Սանասարյանը և քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը անազատության մեջ էին, կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, թե որոշում է կայացվել չմասնակցել երկրի ողջ տարածքում ընթացող ՏԻՄ ընտրություններին: «Ժառանգության» բոլոր անդամներն այս պահին ազատության մեջ են, ու այսօրվա ասուլիսին լրագրողները Դավիթ Սանասարյանից ու Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեցին՝ «Ժառանգությունը» վերանայելո՞ւ է ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու որոշումը: Դ. Սանասարյանն ասաց, որ այսօր երեկոյան վարչության նիստ է լինելու, որտեղ այդ հարցով որոշում կկայացվի:
Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ իր մեկամսյա կալանքը ավելի մեծ վնաս հասցրեց հենց իշխանությանը և Հայաստանին, քանի որ միջազգային այն կառույցները, որոնց հետ նա համագործակցում է, ուշադրությունը սևեռել են հայաստանյան գործընթացների վրա. «Արևելյան գործընկերության ֆորումը ՊՊԾ գնդի գրավման և դրան հետևած իրադարձությունների ուսումնասիրության համար փաստահավաք խումբ է ուղարկել Հայաստան: Մեկ շաբաթից կհրապարակվի նրանց եզրակացությունը: Դուք գիտեք, որ այդ զեկույցներն ազդում են երկրի հանդեպ դիրքորոշումների վրա: Այնպես որ՝ այսպիսի անուղեղ քաղաքականություն դժվար է պատկերացնել»:
Անդրադառնալով քաղբանտարկյալների խնդրին՝ Դ. Սանասարյանն ասաց, որ եթե անգամ համաներում լինի, դա արդարացում չէ. այդ գործերը պետք է կարճվեն. «Մենք չենք սպասում Սերժ Սարգսյանի շնորհներին, մենք ասում ենք, որ այս մարդիկ քաղաքական հայացքների համար են հայտնվել բանտերում, ու պետք է ազատ արձակվեն, ոչ թե սպասենք, որ Սերժ Սարգսյանը կամ իշխանությունները «մեծահոգություն» դրսևորեն»:
Բանախոսները նշեցին, որ շարունակելու են պայքարը: Դավիթ Սանասարյանը քաղաքացիներին կոչ արեց մասնակցել այսօր երեկոյան Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին, բայց հարցին՝ նախորդ անգամ քաղաքական որևէ հայտարարություն չհնչեց, այսօր ի՞նչ է լինելու, նա պատասխանեց, թե տեղում ամեն ինչ պարզ կդառնա: Նաև կոչ արեցին Անդրեաս Ղուկասյանին՝ դադարեցնել հացադուլը, քանի որ առողջական լուրջ խնդիրներ կարող է ունենալ: