Մոսկվայում բանկի բաժանմունքը գրաված հայազգի գործարարին մեղադրանք է առաջադրվել
Հայազգի գործարար Արամ Պետրոսյանին, որը Մոսկվայի կենտրոնում` Բոլշայա Նիկիտսկայա փողոցում, օգոստոսի 24-ին 4 մարդու էր պատանդ վերցրել «Սիթիբանկի» բաժանմունքում, ՌԴ Քննչական կոմիտեն պատանդառության մեղադրանք է առաջադրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, Պետրոսյանին մեղադրում են պատանդներ վերցնելու մեջ` «որպես զենք կիրառվող առարկայի գործադրմամբ»:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է 6-15 տարվա ազատազրկում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գործարարին կարող է ավելի մեղմ հոդվածով մեղադրանք առաջադրվել, քանի որ ինքնակամ ազատ է արձակել պատանդներին:
55-ամյա Պետրոսյանը մուտք էր գործել «Սիթիբանկի» բաժանմունք` վզին ամրացված լարերով տուփ: Տղամարդը սպառնացել էր իրեն պայթեցնել: Ավելի ուշ նա պատանդներին ազատ էր արձակել, ապա հանձնվել իրավապահներին:
Հաստատվել է, որ նա գործարար է, որի մոտ ծագել են բիզնես խնդիրներ:
Պետրոսյանն ավելի վաղ տեսագրված ուղերձում հայտարարել է, որ օգոստոսի 24-ին դիմելու է «Ռուսաստանի Քրեական օրենսգրքի կտրուկ խախտման»: Իր որոշումը նա բացատրել է նրանով, որ այլ ելք չունի սնանկության վերաբերյալ իր խոսքը Պուտինին հասցնելու համար: Իր տեսաուղերձում նա հանդես էր եկել հանուն «բիզնեսի` առանց սնանկության»:
Gazeta-ն հայտնում է, որ Պետրոսյանը մի շարք «բավական տաօրինակ սարքերի» պատենտների հեղինակ է, իսկ 2012թ. ընդունելության է գնացել Պուտինի մոտ և նրան «նվիրել» երկու պատենտ:
Հարցաքննության ժամանակ տղամարդը բացատրել է, որ իրականում չի ցանկացել վնասել պատանդներին, այլ այդկերպ ցանկացել է ուշադրություն հրավիրել սնանկացման եզրին գտնվող ձեռնարկատերերի նկատմամբ:
Հետաքննությունը որպես Պետրոսյանի գործողության հիմնական դրդապատճառ է դիտարկում նրա ֆինանսական ծանր վիճակն ու բանկերի առաջ ունեցած պարտավորությունները: