Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 267-ի

Իտալիայի կենտրոնական հատվածում օգոստոսի 24-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 267-ի, հայտնում է Telegraph-ը` վկայակոչելով երկրի իշխանություններին:
Շուրջ 400 տուժած դեռևս գտնվում է հիվանդանոցներում:

Ավելի վաղ հաղորդվել էր երկրաշարժի 250 զոհի մասին: Զոհերի մեծ մասն Ամատրիչե քաղաքի բնակիչ է, որն ավելի շատ է տուժել երկրաշարժի հետևանքով:
Դեռևս շարունակվում են փլատակների տակ ողջ մնացած մարդկանց որոնումները, փրկարարներին օգնում են նաև կամավորները` շների հետ:

Իրավիճակը բարդանում է նրանով, որ երկրաշարժի հետևանքով վնասված շենքերը շարունակում են քանդվել:

Հիշեցնենք, որ 6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի է ունեցել օգոստոսի 24-ի գիշերը` տեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երևանի ժամանակով ժամը 05:36-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Լացիո մարզի Ակումոլի քաղաքի մոտ՝ 4 կիլոմետր խորության վրա: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է ժամը 04:34-ին Ումբրիայի մարզում: Երկրի մակերևույթի ցնցումներ է զգացվել Կենտրոնական Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում և Բոլոնիայում:

Էպիկենտրոնին առավել մոտ են գտնվել Նորչա և Ակկումոլի կոմունաները, Ամատրիչե և Պեսկարա-դել-Տրոնտո քաղաքները:

Տեսանյութեր

Լրահոս