
Ցուցարար հանքափորները ծեծելով սպանել են Բոլիվիայի ՆԳ փոխնախարարին

Բոլիվիացի հանքափորները ծեծելով սպանել են երկրի ներքին գործերի փոխնախարար Ռուդոլֆո Իլյանեսին, ում պատանդ էին վերցրել, երբ նա մեկնել էր ցուցարարների հետ բանակցությունների, հայտնում է Reuters գործակալությունը`վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարար Կառլոս Ռոմերոյին:
«Ամեն ինչ վկայում է այն մասին, որ նախարարի տեղակալ Ռոդոլֆո Իլյանեսը վախկոտաբար և դաժանորեն սպանվել է»,- հայտարարել է նախարարության ներկայացուցիչը:
Բոլիվիացի պաշտոնյայի մահվան լուրը հաստատել է նաև երկրի պաշտպանության նախարար Ռեյմի Ֆերրերան:
Արդեն պատանդ վերցված ժամանակ Իլյանեսը հարցազրույց էր տվել տեղի ռադիոկայաններից մեկին, որտեղ ասել էր, որ իրեն ազատ արձակելու դիմաց հանքափորները պահանջում են կառավարության համաձայնությունը` փոփոխություններ կատարել աշխատանքային օրենսդրությունում և բանակցություններ վարել:
56-ամյա պաշտոնյային հանքափորները պատանդ էին վերցրել Պանդուրո քաղաքում, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Լա-Պասից 160 կմ հեռավորության վրա:
Պաշտոնյան գնացել էր այնտեղ` համոզելու հանքափորներին բացելու արգելափակված ավտոմայրուղին:
Բոլիվիայում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 2 շաբաթ: Բանը մի քանի անգամ հասել էր ոստիկանների հետ բախումների, ինչի հետևանքով սպանվել էր 2 ցուցարար և վիրավորվել 17 ոստիկան: