
Եգիպտոսում 220 հյուրանոց փակվել է

2016 թվականին տուրիստական ակտիվության նվազման պատճառով Եգիպտոսում 220 հյուրանոց է փակվել: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի տուրգործարկուների ասոցիացիայի կայքում:
Ամենամեծ կորուստները կրել է Շարմ Էլ Շեյխը, որտեղ աշխատանքը դադարեցրել են 54 հյուրանոցներ, եւս 35-ը փակվել են Մարսա Ալամում, 34-ը՝ Հուրգադում: Նշվում է, որ այս պահին Կարմիր ծովի ոչ մի առողջարանում լրիվ կարողությամբ աշխատող հյուրանոցներ չեն մնացել:
Բացի դրանից, Եգիպտոսի գործարարների ասոցիացիայի տեղեկատվությամբ՝ մի շարք հյուրանոցներ դադարել են աշխատել Սաֆագայում, Լուքսորում եւ Ասուանում: Նշվում է, որ զբոսաշրջիկների հոսքի ամենամեծ կրճատումը բաժին է ընկել Ռուսաստանին, Մեծ Բրիտանիային եւ Իտալիային:
Արաբական Հանրապետություն ուղիղ չվերթերը դադարեցվել են 2015 թվականի աշնանը՝ «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռում իրականացված ահաբեկչական գործողությունից հետո: Աղետից հետո Մոսկվան պահանջել է Եգիպտոսի օդանավակայաններում ուժեղացնել անվտանգության միջոցառումները: