Բաժիններ՝

Ինչ էր մատակարարելու «Գեվտիգը» ՊՆ-ին

ՀՀ կառավարությունն այսօր ընդունել է 2016թ. պետբյուջեում, նախկին որոշումներից մեկում փոփոխություններ և լրացումներ կատարելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին որոշում, որով առաջարկվում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ծառայությունների ձեռքբերումն իրականացնել բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով՝ այդ ծառայությունները ձեռք բերելով «Գեվտիգ» ընկերությունից:

Առաջին հայացքից որևէ տարօրինակ բան չկա, բացի այն, որ այս հայտարարության տեքստը ոչինչ չի ասում՝ ինչ մրցույթի մասին է խոսքը, ինչ գումարի, ինչու է բանակցային ընթացակարգով և այլն։

Կառավարության նիստերի օրակարգում, սակայն, կարելի է գտնել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գրությունը վարչապետ Հովիկ Աբրահամյանին (20.07.2016թ.)։ Նախ ընթերցեք, հետո կփորձենք միասին հասկանալ։

* * *

«ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության 2016թ. գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկում ներառված «Մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ» անվանատողի շրջանակներում նախատեսված տոնական միջոցառման (ՀՀ ԶՈՒ կազմավորման օր) կազմակերպման ծառայություն ձեռք բերելու նպատակով 2015թ. նոյեմբեր ամսին հայտարարվել է «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲԸԾՁԲ-12/1» ծածկագրով բաց ընթացակարգ, որը համարվել է չկայացած՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի հիմքով, այն է՝ հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին, ավելի ստույգ՝ ներկայացված հայտերը www.armeps.am (գնումների էլեկտրոնային համակարգ) կողմից համարվել են հետագա գնահատման համար անընդունելի։ Նշեմ, որ ժամկետների սղությունը անհնար է դարձրել մրցակցային ընթացակարգի ևս մեկ կիրառում։

Հաշվի առնելով միջոցառման համապետական նշանակությունը, այն հավուր պատշաճի, սեփական միջոցների հաշվին կազմակերպելու առաջարկով դիմել ենք հայտ ներկայացրած ընկերություններին։ Նրանցից «Գեվտիգ» ՍՊԸ-ն տվել է համաձայնություն իրականացնելու աշխատանքները՝ հետագայում պայմանագրային ձևակերպումներ տալու պայմանով։

Այդ նպատակով, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու շրջանակներում ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության կողմից նախապատրաստվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ (կցվում է), որով նախատեսվում է գնումը իրականացնել բանակցային ընթացակարգով՝ առանց հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպես նաև ՀՀ կառավարության 30.01.2015թ. թիվ 105-Ն որոշման 25-րդ հոդվածի 6-րդ կետի գ ենթակետի հիմքով, այն է՝ չկանխատեսված հանգամանքների հետևանքով առաջացած և հրատապ համարվող գնումների դեպքում, բացառությամբ օրենքի 35-րդ կետի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա գնման ընցակարգը չկայացած հայտարարելու կամ տվյալ գնումը կատարելու համար նոր ֆինանսական միջոցներ հատկացնելու կամ պետության կարիքների համար գնումների դեպքերի, կնքվելիք պայմանագրին տալով հետին ուժ։

Նախագծի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար այն ուղարկվել է ՀՀ ֆինանսների նախարարություն։ Սակայն վերջինիս կողմից անհրաժեշտ է համարվել մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերումն իրականացնել մրցակցային ընթացակարգի կիրառմամբ, ինչը, սակայն, արդեն իսկ կայացած միջոցառման դեպքում կիրառելի չէ»։

Այս ամենը ավելի պարզ շարադրելու դեպքում ստացվում է հետևյալը։ ՊՆ-ն ցանկացել է 2016 թվականին հանդիսավոր նշել ԶՈՒ ուժերի կազմավորման օրը։ Միջոցառումը կազմակերպելու համար հայտարարվել է մրցույթ, որի միջոցով հարցը չի լուծվել։ Քանի որ ժամկետները սուղ են, ՊՆ-ն իր առանց մրցույթի պայմանավորվել է «Գեվտիգ» ընկերության հետ, սեփական միջոցներից վճարել, և այժմ խնդրում է հետին թվով պայմանագիր ձևակերպել։ Կառավարությունը խնդրանքը չի մերժել և «Գեվտիգ» ընկերության հետ պայմանագրի կնքման օր է սահմանվել 2016 թվականի հունվարի 27-ը։

Թերևս այսքանը։

Միայն մեկ կիսամութ հանգամանք կա. «Գեվտիգ» ընկերությունը գրանցվել է 2015 թվականի նոյեմբերի 13-ին (ՊՆ-ի հայտարարած մրցույթի օրերին), և դրա մասին որևէ տեղեկատվություն չկա։ Այսինքն՝ համապետական նշանակության միջոցառումը վստահվել է նորաստեղծ և միջոցառումների կազմակերպման ոլորտում որևէ պատմություն չունեցող մի ընկերության։

Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ հունվարի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կայացած հանդիսավոր արարողությունը իրոք բարձր մակարդակով էր կազմակերպված, հետաքրքիր էր և նման չէր այդ բնույթի ստանդարտ համերգային ծրագրերին։

Ինչ վերաբերում է պայմանագրի գումարին, դա պարզել չհաջողվեց։ Սակայն կարծում ենք, որ «Գեվտիգ» ընկերության հետ կնքված ՊՆ պայմանագիրը շուտով կզետեղվի էլեկտրոնային կառավարման համակարգի կայքի (e-gov.am)՝ 1 անձից կատարված գնումների բաժնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս