Մոսկվայում բանկի բաժանմունքը գրաված հայ գործարարի սիրուհին հայտարարել է, թե դա պարտքերից խուսափելու պլանավորված ակցիա է հիշեցնում
Ռուսական Life-ը որոնել է հայազգի գործարար Արամ Պետրոսյանի սիրուհուն` Մերձմոսկվայի բնակիչ Օքսանային, որը հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, թե կատարվածը իրեն ավելի շատ հիշեցնում է պարտքերից խուսափելու պլանավորված ակցիա:
Հիշեցնենք, որ վերջինս երեկ Մոսկվայի կենտրոնում` Բոլշայա Նիկիտսկայա փողոցում 4 մարդու էր պատանդ վերցրել:
Օքսանայի խոսքով` ինքը միանգամից չի հավատացել, որ «Սիթիբանկի» հետ կապված պատմության հերոսն իր վաղեմի ընկերն է:
«Անկեղծ ասած, մինչ օրս դժվարանում եմ հավատալ, որ նա նման քայլի է դիմել: Անգամ, երբ իմ ընկերուհին զանգահարեց, ում նա պարտք է, ես միանգամից չհավատացի»,- պատմել է նա:
Խոսելով պատճառների մասին, որոնք կարող էին դրդել Արամ Պետրոսյանին նման քայլի դիմել, կինը խոստովանել է, որ տեղի ունեցածը իրեն պլանավորված ակցիա է հիշեցրել` պարտքերից խուսափելու համար:
«Հնարավոր է, որ նա որոշել է, թե ավելի հեշտ է բանտ նստել, քան բոլորին վճարել»,- ենթադրություն է հայտնել կինը:
Իր հերթին, Մերձմոսկվայի բնակիչ Վալերիա Ստրուցը, որը կես միլիոն ռուբլի է տվել Պետրոսյանին, պատմել է, որ ոչինչ չի իմացել նրա անցյալի մասին:
Կնոջ խոսքով` Արամն իրեն պատմել է, որ եղել է «Հայաստանի արդյունաբերության նախարարը»: Չնայած կասկածելի անցյալին` կինը խոստովանել է, որ հմայվել է այդ «հաջողակ գործարարով»:
«Ես նրան խղճում եմ, հասկանո՞ւմ եք: Նա շատ խելացի ու տաղանդավոր մարդ է, գործարար, գյուտարար, որը մի քանի պատենտ ուներ: Նա պարզապես ռոմանտիկ է, որը ինչ-որ բան էր ստեղծում, երազում: Այո´, նա խաբեբա է ու խաբել է մարդկանց, սակայն ես խղճում եմ նրան»,- լացելով պատմել է խաբված պարտապանը: