«ԵԱՏՄ-ին միանալու համար Թուրքիան պետք է դուրս գա ԵՄ մաքսային միությունից». Շավարշ Քոչարյան
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անհեթեթ է համարում Եվրասիական տնտեսական միությանը Թուրքիայի միանալու մասին հայտարարությունները: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու համար Թուրքիան պետք է դուրս գա մի շարք միավորումներից:
«Բազմաթիվ անհեթեթ հայտարարություններ են արվում: ԵԱՏՄ-ին միանալու համար Թուրքիան պետք է դուրս գա Եվրամիության մաքսային միությունից, երկիրը պետք է հետ կանգնի դեպի Եվրամիություն իր ուղուց: Այստեղ բազմաթիվ այլ հարցեր կան, դրա համար նման անհեթեթ հայտարարությունները մեկնաբանելն անիմաստ է, հայտարարություն է արվում, որի տակ հող չկա»,- այսօր լրագրողների հետ զրուցում ասաց Շավարշ Քոչարյանը:
Ինչ վերաբերում է որևէ երկրի, այդ թվում նաև Թուրքիայի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը, ապա, Շ. Քոչարյանն ասաց, որ միայն անդամ երկրների փոխհամաձայնությամբ է հնարավոր նման որոշում կայացնել: