Բաժիններ՝

Ավարտական քննությունները կկրճատվեն. Աշակերտները 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում միայն 3 առարկա կանցնեն

Հայաստանի ավագ դպրոցների 12-րդ դասարանների երկրորդ կիսամյակում աշակերտներն իրենց ընտրությամբ կանցնեն միայն երեք առարկա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսին այս մասին տեղեկացրեց ՀՀ կրթության ու գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: «Դա թե աշակերտների, թե նրանց ծնողների պահանջով է: Սովորողը երկրորդ կիսամյակում կկարողանա խաղաղ ուսումնասիրել այն առարկաները, որոնք նա պետք է հանձնի միասնական քննությունների ժամանակ»,-նշեց պաշտոնյան:

Աշակերտը հունվարից մինչև մայիս ամեն օր յուրաքանչյուր առարկայից ունենալու է երկու ժամ, ինչը, ըստ բանախոսի, թույլ կտա լավագույնս պատրաստ լինել միասնական քննություններին:

Նարինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ` մեկ այլ նորամուծություն ևս արվել է. աշակերտներին հնարավորություն կտրվի 12-րդ դասարանի ավարտական քննությունները, որոնք նա միասնականի ժամանակ չի հանձնելու, հանձնել դեկտեմբերին: «Ավարտական քննությունների կրճատումներ ևս կլինեն`6-ից դառնալով 3, հիմա վերջնականապես քննարկվում ենք այդ հարցերը: Հնարավոր է, որ որպես ավարտական առարկաներ մնան միայն մաթեմատիկան, հայոց լեզուն ու գրականություն և հայոց պատմությունը»,-ասաց Նարինե Հովհաննիսյանը` հավելելով, որ մինչ սեպտեմբերի ավարտ հստակ կլինի, թե որոնք ենք ավարտական առարկաները: Եթե շրջանավարտն ցանկանում է, օրինակ, բժիշկ դառնալ, նա 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում կարող է ընտրել կենսաբանություն, քիմիա և ռուսերեն առարկաները, շաբաթական 10 ժամ անցնել այդ առարկաները, վերջնում մասնակցել միասնական քննությունների, իսկ ավարտական պարտադիր քննությունները, որոնք ինչպես նշվեց երեքն են լինելու, հանձնել դեկտեմբերին:

Հարցին ի պատասխան արդյո՞ք ճիշտ չէր լինի երեք առարկա աշակերտներն ընտրեին ու անցնեին 12-րդ դասարանի սկզբից` պաշտոնյան ասաց. «Մենք դրան պատրաստ չէինք, քանի որ առաջին կիսամյակին դեռ երկու ամսվա աշխատանք կար, ծրագրերը դեռ վերջնական ավարտված չէին, դրանց կրկնությունները սկսվում էին նոյեմբերի վերջերից: Նոր չափորոշիչներով մենք այս փորձնական ծրագրի հիման վրա կթարմացնենք մեր ծրագրերն ու չափորոշիչները, որ հնարավորություն ունենանք 12-րդ դասարանի սեպտեմբերի մեկից կրկնողության անցնել»,- հայտնեց ԿԳՆ Հանրակրթության բաժնի պետը:

Լրագրողի այն մտահոգությունը, որ փոփոխության արդյունքում որոշ ուսուցիչներ հնարավոր է զրկվեն դասաժամերից, իսկ ոմանց մոտ էլ գերծանրաբեռնվածություն առաջանա, Նարինե Հովհաննիսյանը փարատեց` ասելով, որ աշակերտներն անպայմանորեն ընտրելու են 6 առարկաներից` մաթեմատիկա, հայերեն, հայոց պատմություն, բնագիտական առարկաներ, օտար լեզուներ, ֆիզկուլտուրա, և անգամ, եթե խմբում 4-5 աշակերտ լինի, ուսուցիչը դասեր կանցկացնի:

Նարինե Հովհաննիսյանը կարևոր համարեց շեշտել, որ ուժի մեջ է մնալու 200 ժամ բացակայելու դեպքում ավարտական ատեստատից զրկվելու օրենքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս