Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել
Սեյսմիկ պահպանության ծառայության դիտացանցն օգոստոսի 18-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ: Օգոստոսի 18-ին 3 բալ (մագնիտուդ 2.4) և 19-ին 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.1) երկու երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում, համապատասխանաբար՝ Խոյ քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևմուտք և Մակու քաղաքից 30 կմ դեպի հյուսիս-արևելք: Օգոստոսի 19-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում՝ Բեյլագան քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևելք: Նույն ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) երկրաշարժ է գրանցվել օգոստոսի 22-ին՝ Թուրքիայի Վան քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 7 երկրաշարժ: Օգոստոսի 19-ին 7.5 և 21-ին 6.4 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել Հարավային Ջորջիա կղզիների տարածքում: 6.0 մագնիտուդով ևս երկու երկրաշարժ գրանցվել օգոստոսի 20-ին Ճապոնիայում՝ Մյակո քաղաքից 169 կմ դեպի հյուսիս-արևելք: Օգոստոսի 23-ին 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում՝ Բասիրա Սատու քաղաքից 98 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:
Օգոստոսի 24-ին 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իտալիայում՝ Ակումոլի քաղաքից 6 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժին հետևել են 2.5 և ավելի մագնիտուդով 254 հետցնցում, որից երկուսը ունեցել են 5.1 և 5.2 մագնիտուդ: Երկրաշարժից ակտիվացել է սողանք, որի հետևանքով համարյա անբողջությամբ ավերվել է իտալական Ամատրիչե (Լացիոյի նահանգ) քաղաքը: Զոհերի թիվը հասել է 247-ի, որից 190-ը զոհվել են Լացիոյ, իսկ 57-ը՝ Ասկոլի Պիչենո նահանգներում: Տուժածներինը 264-ն են: Այս երկրաշարժը ամենաավերիչն էր Եվրոպայում` 2009 թվականի ապրիլի 6-ին Իտալիայում տեղի ունեցած 6.3 մագնիտուդով երկրաշարժից հետո, որի հետևանքով զոհվել էր 308 մարդ և տուժել 1500 մարդ:
Նույն օրը 6.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մյանմարում՝ Չաուկ քաղաքից 23 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 4 մարդ, կան ավերածություններ: