Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի

Վերջին տեղեկությունների համաձայն` կենտրոնական Իտալիայում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 247-ի: Երկրի իշխանությունները հայտնում են նաև 368 վիրավորների մասին, հայտնում է Guardian-ը:
Իտալիայի առողջապահության նախարարի խոսքով` դա դեռ զոհերի վերջնական թիվը չէ: Նա նշել է, որ զոհերի թվում կան բազմաթիվ երեխաներ:

Երկրաշարժից ավերված քաղաքներում աշխատում են 4300 փրկարարներ և կամավորներ: Նրանք փլատակների տակից փորձում են դուրս բերել մարդկանց ինչպես հատուկ տեխնիկայի օգնությամբ, այնպես էլ սեփական միջոցներով:

6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի է ունեցել նախօրեին` տեղական ժամանակով ժամը 03:36¬-ին (Երևանի ժամանակով ժամը 05:36-¬ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Լացիո մարզի Ակումոլի քաղաքի մոտ՝ 4 կիլոմետր խորության վրա: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է ժամը 04:34-ին Ումբրիայի մարզում: Երկրի մակերևույթի ցնցումներ է զգացվել Կենտրոնական Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում և Բոլոնիայում:

Էպիկենտրոնին առավել մոտ են գտնվել Նորչա և Ակկումոլի կոմունաները, Ամատրիչե և Պեսկարա-դել-Տրոնտո քաղաքները:

Ինչպես հայտարարել է Ամատրիչեի քաղաքապետը, երկրաշարժից ավերվել է քաղաքային շինությունների մեկ քառորդը: Քաղաքում ոչ մի շինություն, նրա խոսքով, պիտանի չէ բնակության համար:

Տեսանյութեր

Լրահոս