Բաժիններ՝

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը՝ օլիմպիական խաղերի մասին

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը 31-րդ ամառային օլիմպիական խաղերի ավարտից հետո հանդիպեց լրագրողների հետ և անդրադարձավ հայ մարմնամարզիկների ելույթներին:

«Մենք ամբողջությամբ հասցրել էինք  ադապտացվել, պարապմունքներն ընթացել էին իրենց հունով: Ռիո մեկնելուց հետո ես գտնվում էի մրցավարական գոտում, իսկ մրցավարները չէին կարող շփվել մասնակիցների հետ: Թիմը գտնվում էր շատ վստահելի ձեռքերում և ղեկավարվում էր Սոս Սարգսյանի կողմից: Տղաներին տեսել եմ գլխավոր պարապմունքի ժամանակ և մրցումների ժամանակ, դիտում էի նաև տղաների մարզումների տեսաձայնագրությունները: Ամեն ինչ լավ էր ընթանում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հակոբ Սերոբյանը:

Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով, Հարություն Մերդինյանը հիանալի հանդես եկավ մրցումային 1-ին օրը՝ թեև մրսածություն ուներ:

«Նախքան առաջին ելույթը Հարություն Մերդինյանը մրսածություն ուներ, սակայն կարողացավ վերջում հավաքվել և լավ ելույթ ունեցավ, շատ գոհ էի նրա ելույթից: Պլանավորել էինք բարդ վարժություն անել, սակայն մի քանի օր առաջ դաստակի խնդիր առաջացավ: Սոս Սարգսյանի հետ քննարկեցինք իրավիճակը, որոշեցինք չանել դա, քանի որ վնասվածքի լուրջ հավանականություն կար, կարող էր նույնիսկ ընկնել գործիքի վրայից: Որոշեցինք անել վարժությունը կես պտույտով ավելի և մաքրության վրա շեշտը դրեցինք»,-նշեց Հակոբ Սերոբյանը:

Նա անդրադարձավ նաև Արթուր Դավթյանի ելույթին և նշեց, որ առաջին փորձի ժամանակ Արթուրն այնքան լավ կատարեց վարժությունը, որ ինքը մոռացավ նույնիսկ մրցավար լինելը և ծափահարեց իր սանին:

«2-րդ ցատկի ժամանակ Արթուր Դավթյանը սովորականից  բարձր ցատկեց, սակայն սպորտային բախտը երես թեքեց և ընկավ, այսպիսի պայմաններում նա գրավեց 11-րդ տեղը, այսինքն՝ 3-րդ պահեստայինում հայտնվեց: Դա արդեն նշանակում է, որ շատ լավ ելույթ ունեցավ»,- նշեց մարզիչը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հայտնեց, որ իրենք չեն արդարանում գրանված արդյունքի համար և ինքը ՝որպես գլխավոր մարզիչ, իր վրա է վերցնում ողջ պատասխանատվությունը: Մարզչի խոսքով, կուսումնասիրվեն թերությունները և կարվեն համապատասխան եզրահանգումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս