Ռուսաստանից Հայաստան եկող գազատարի պայթեցման գործում առկա են ԴԱԻՇ-ի դրոշով լուսանկարներ
Վրաստանում Ռուսաստանից Հայաստան եկող գազամուղը պայթեցնելու նախապատրաստության մեջ մեղադրվողներից Բեքի Բեքաուրիի փաստաբան Մայա Չրելաշվիլին պատմել է, որ իր պաշտպանյալն ունեցել է ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման դրոշի ֆոնին լուսանկարներ, որոնք կցվել են գործին, հայտնում է RIA Novosti-ն:
«Գործում կան լուսանկարներ Facebook սոցցանցից, որտեղ Բեքաուրին և մյուսները կանգնած են տարբեր դրոշների ֆոնին, այդ թվում` ԴԱԻՇ-ի դրոշի մոտ»,- հայտնել է փաստաբանը:
Նրա խոսքով` գործի նյութերում կա նաև տեղեկություն, որ Բեքաուրին հարել է վահաբականությանը, սակայն մեղադրյալը հերքում է այդ փաստը:
Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ Վրաստանում ձերբակալված 7 ծայրահեղականներից 3-ը վահաբականության հետևորդներ են:
Ներկայումս Բեքաուրին, որը գտնվում է հիվանդանոցում, գործով անցնող միակ մեղադրյալն է, որն ընդունել է իր մեղքը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ խափանել Է ահաբեկչական գործողության իրականացումը:
Ձերբակալվել է յոթ մարդ, որոնց թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լեւան Մամպորիան: Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:
Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչը, կալանավորվածները պլանավորում էին պայթեցնել Սագուրամ գյուղի տարածքով անցնող գազամուղը, որը միացնում է Ռուսաստանը և Հայաստանը: Ահաբեկչական գործողության նախապատրաստման մեղադրանքով ձերբակալվել էին Վրաստանի հինգ քաղաքացիներ՝ Բեկա Բ-ն, Վլադիմիր Ռ-ն, Մինդիա Ռ-ն, Ջաբա Մ-ն, Նուրի Չ-ն:
Բացի այդ, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստով ձերբակալված է պարեկային ոստիկանության գործող աշխատակից Լևան Մ-ն, ինչպես նաև հանցագործության մասին չիրազեկելու համար՝ քաղաքացի Իրակլի Բ-ն: