Հայ ընտանիքները շարունակում են ապրել Սիրիայի Հասիչե շրջանում. Այստեղ բախումների արդյունքում ծանր դրություն է

Սիրիայի Հասիչե շրջանում ապրող հայ ընտանիքները փորձում են մնալ ապահով վայրերում եւ հաղթահարել ռազմական բախումների հետեւանքով առաջացած դժվարությունները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմի կ Պողիկյանը:

Նա տեղեկացրեց, որ քաղաքը կենցաղային ծանր պայմաններում է:

«Հատկապես գիշերային ժամերին բուռն բախումներ են տեղի ունենում սիրիական բանակի եւ Քրդական աշխատավորական կուսակցության զինվորականների միջեւ, սակայն ցերեկը համեմատաբար ավելի հանդարտ դրություն է տիրում: Բնակչությունը դիմագրավում է նաեւ այդ կենցաղային դժվարություններին: Ավելի քան 4 օր էլեկտրականությունը չէր միանում: Քաղաքի պետական փուռը փակ է, ինչի հետեւանքով հաց ձեռք բերելու խնդիր կա: Քաղաք հասնող սննդամթերքի քանակը քիչ է»,-հայտնեց Զարմիկ Պողիկյանը:

Նա նաեւ նշեց, որ ըստ շաբաթաթերթի աղբյուրի` Հասիչեում այժմ բնակվում է 64 հայ ընտանիք, որոնց մեծամասնությունը տարեց մարդիկ են, քանի որ երիտասարդության զգալի հատվածը լքել է քաղաքը այլ վայրում աշխատելու կամ ուսանելու համար:

«Հայերն առ այժմ նյութական կամ մարդկային կորուստներ չեն ունեցել: Հայ համայնքը փորձում է հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր կողմերի նկատմամբ եւ չներքաշվել հարցերի մեջ: Եկեղեցին փակ է: Գամիշլիի քահանան հատուկ առիթներով այցելում է Հասիչէ եւ եկեղեցական արարողություններ կատարում։ Հայ ընտանիքները դեռեւս քաղաքից հեռանալու մտադրություն չունեն: Նրանք փորձում են հաղթահարել դժվարությունները` հուսալով, որ քաղաքի վիճակը կբարելավվի: Նախատեսվում է նաեւ բացել շրջանի հայկական վարժարանը»,-ասաց շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:

 

Տեսանյութեր

Լրահոս