
Եգիպտոսը թվարկել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պայմանները

Եգիպտա-թուրքական հարաբերությունների կարգավորումը պահանջում է Թուրքիայի կողմից մի քանի պայմանի իրականացում, այդ թվում` եգիպտացիների կամարտահայտման հարգում և չմիջամտել երկրի ներքին գործերին, հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեյդը:
«Ինչ վերաբերում է թուրքական կառավարության հետ հարաբերություններին, ապա գոյություն ունեն մի քանի հանգամանքներ, որոնք թույլ կտան դրանք վերադարձնել բնականոն հուն: Առաջին հերթին, հարգել Եգիպտոսի ժողովրդի կամքը, որը, միանգամայն ակնհայտորեն իրեն դրսևորել է հուլիսի 30-ի հեղաշրջման ժամանակ»,- հայտարարել է Աբու Զեյդը RIA Novosti-ին տված հարցազրույցում:
«Երկրորդ` հետևել միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքներին այն մասին, որոնք վերաբերում են այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելուն, բարիդրացիական քաղաքականությանը հետևելուն»,- ասել է նա:
Նրա խոսքով` հենց Կահիրեն դրական տեղաշարժ տեսնի այդ երկու հարցի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման մեջ, ապա «Եգիպտոսը պատրաստ կլինի բարելավել հարաբերությունները»:
Միաժամանակ, նա չի համաձայնել Թուրքիայի առաջարկին` զարգացնել տնտեսական հարաբերություններն առանց քաղաքական տարաձայնությունների կարգավորման:
Եգիպտացի դիվանագետը նշել է, որ տնտեսական հարաբերությունները կախված են քաղաքական մթնոլորտից և քաղաքական դիրքորոշումից:
Միաժամանակ, նա նշել է, որ Եգիպտոսը խնդիրներ չունի թուրք ժողովրդի հետ: