«Տղերք ջա´ն, այս ի՞նչ եք անում… Այսպես շատ ավելին կկորցնենք». Բագրատ Ասատրյան

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, 1994-1998 թթ. Կենտրոնական բանկի նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի հետ զրուցել ենք Հայաստանում տնտեսական իրողությունների, ՀՀ «ՀՆԱ 10% աճի» կապակցությամբ ՌԴ նախագահի շնորհավորանքի, առաջիկա ընտրական գործընթացների, ստեղծված իրադրությունից ելքերի և ՀՀ Անկախության հռչակագրի տոնի վերաբերյալ:

– Պարոն Ասատրյան, հրապարակվել են հունվար-հուլիսի վիճակագրական տվյալները ու, թեև կա տնտեսական ակտիվության որոշակի աճ, սակայն ապրիլից հետո այդ աճի տեմպը նվազում է: Ըստ Ձեզ՝ այսօր Հայաստանը տնտեսական ի՞նչ իրավիճակում է գտնվում:

– Մենք երկու իրողության մեջ ենք ապրում. մի իրողությունն այն է, ինչ պաշտոնական վիճակագրությունն է ասում, և այդ ցուցանիշները վատը չեն, տնտեսական ակտիվության 3% աճ կա, և այլն, իսկ մյուս իրողությունն այն է, ինչի հետ առնչվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ համատարած դժգոհություն: Անգամ Երևանի կենտրոնով անցնելու դեպքում կտեսնեք, որ ամեն օր ավելանում է առաջարկների թիվը՝ «տրվում է վարձով», այսինքն՝ բիզնեսները փակվում են: Նայեք ֆինանսական հոսքերի վիճակագրությունը. Հայաստանն արդեն վաղուց ներդրումային առումով աշխարհի ամենաանմատչելի երկրներից է դարձել, ներդրումների ծավալները շատ նվազ են և տարեցտարի շարունակում են կրճատվել: Մեր երկրի ֆինանսական սնուցման մյուս կարևոր աղբյուրը՝ մասնավոր տրանսֆերտները, ևս գնալով կրճատվում են, և հուլիսին կրկին նվազման միտում է եղել: Հիմա այս 2 իրողություններն իրար մոտենալո՞ւ են, թե՞ ոչ: Պաշտոնական վիճակագրությունը շարունակելո՞ւ է պնդել, որ ամեն ինչ լավ է, չնկատել այն բոլոր խնդիրները, որ ունի Հայաստանի Հանրապետությունը, իսկ ժողովուրդը վարվի այնպես, ինչպես որ վարվում է, այնպիսի դրսևորումներ լինեն, ինչպես անցած ամիս եղան, որը սարսափելի բան է յուրաքանչյուր պետության ու հասարակության համար:

Քաղաքական դաշտում ընդհանրապես որևէ ձգտում չկա որևէ բան փոխելու: Ամեն ինչ իրենց ձեռք է տալիս, ամեն ինչ լավ է, հիմնական խնդիրը լուծել են՝ վերարտադրվել են, և ուրիշ խնդիր չեն ուզում տեսնել, այդ թվում՝ նկատել հասարակության պահանջները: «Հանրապետական» կոչեցյալները քաղաքական դաշտը կողպել են ու թույլ չեն տալիս, որ որևէ մեկը որևէ խնդիր դնի: Թե այս «լավով» ինչի՞ ենք հասնելու, հայտնի է: Ես կարծում եմ, որ ապրիլյան իրադարձությունները, հուլիսյան ողբերգությունը հետևանք են այսպիսի բթամիտ, մտքի ու գաղափարի, ձգտումների բացակայության ներքո ձևավորվող քաղաքականության, և այդ ցնցումներն էլի են լինելու, այդ ողբերգությունները մենք էլի ենք ապրելու մինչև այն պահը, երբ իշխող համակարգն ի վերջո հասկանա, որ այսպես չի կարելի:

Այնպես չէ, որ 2 բութ խուժանի նստացնում ես պառլամենտում, դաշտը փակում ես, ու ամեն ինչ լավ է լինելու, այդպես չէ, որ ժողովրդին նսեմացնելով՝ բերելու ես քո հերթական քվեները հավաքես և մեծամասնություն ապահովես: Դա իշխանավորին ընդամենը պաշտոնյա կոչվելու իրավունք է տալիս, բայց, բացի պաշտոնյա կոչվելուց, նաև պարտականություններ ունեք, տղե՛րք ջան, այս ի՞նչ եք անում: Խոսքս քաղաքական համակարգի առաջին դեմքից սկսած՝ բոլորին է վերաբերում՝ կառավարություն, օրենսդիր մարմին և այլն: Ցավալի է, բայց ուրախանալու առիթ չկա:

Մեր շուրջը բոլորը զարգանում են, քաղաքական լուրջ իրադարձություններ են տեղի ունենում Ղարաբաղի խնդրի հետ կապված, ակնհայտորեն քաղաքական նոր միջավայր է ձևավորվում՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, իսկ մենք շարունակում ենք հնի պես մտածել, կամ ընդհանրապես չմտածել և ոչինչ չանել: Այսպես շատ ավելին կկորցնենք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս