
Թուրքիան Ավստրիայից հետ է կանչել իր դեսպանին, Եվրահանձնաժողովը չի մեկնաբանել կատարվածը

Եվրահանձնաժողովը չի մեկնաբանում խորհրդատվությունների նպատակով Ավստրիայից Թուրքիայի դեսպանին հետ կանչելու փաստը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Վինտերշտայնը:
«Մենք մեկնաբանություններ չունենք, դա երկողմ հարց է»,- ասել է Վինտերշտայնն այսօր ճեպազրույցի ժամանակ` ի պատասխան խնդրանքի` մեկնաբանել Թուրքիայի և Ավստրիայի միջև հարաբերությունների վատթարացումը և դեսպանին հետ կանչելու փաստը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ կապված վերջին իրադարձությունների հետ` Անկարան խորհրդատվությունների նպատակով հետ է կանչում դեսպանին Վիեննայից` Ավստրիայի հետ հարաբերությունները վերանայելու նպատակով:
Reuters-ի տեղեկություններով` Չավուշօղլուն երկուշաբթի հայտարարել է, որ Ավստրիայից դեսպանին հետ է կանչել` կապված նախօրեին այնտեղ ի պաշտպանություն «Քրդական աշխատավորական» կուսակցության կազմակերպված ցույցի:
ԶԼՄ-ների տեղեկություններով` երբ ակցիայի մասնակիցները ժամանել էին Վիեննայի Շտեֆանպլաց հրապարակ, բախումներ էին սկսվել քրդերի և թուրքական համայնքի ներկայացուցիչների միջև: