«Աղոթենք Աստծուն, որպեսզի շուտ այս իշխանություններից պրծնենք, և գա մի իշխանություն, որը գործով պահպանի անկախությունը». Արամ Մանուկյան

«Օգոստոսի 23-ը պատմական, հրաշալի, գեղեցիկ օրերից մեկն է. 26 տարի առաջ այս օրը երևի մեր պատմության մեջ լավագույն փաստաթուղթն է ընդունվել: Դա մեր պետականության անկյունաքարն է, մեր անկախության սկիզբը: Սիմվոլիկ է, որ փաստաթուղթն ունի 12 կետ, այսինքն՝ 12 առաքելություն է այս փաստաթղթում ընդգրկված: Եթե փորձեք մտովի տեղափոխվել այն ժամանակաշրջանը, երբ ընդունվում էր ՀՀ Անկախության հռչակագիրը, կտեսնեք, որ այլ երկրի կազմում այսպիսի փաստաթուղթ ընդունելը հերոսություն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց 26 տարի առաջ այդ Հռչակագիրն ընթերցած Արամ Մանուկյանը: Հռակագրի օրինակները լրագրողներին նվիրելով՝ նա նշեց, որ այնտեղ չկա մի կետ, որը իրատեսական չէ ու հետագայում չի դարձել օրենք կամ Սահմանադրություն և չի արտացոլվել մեր հետագա փաստաթղթերում:

Ա. Մանուկյանի խոսքով՝ 1990թ. դժվար էր բազմակուսակցականություն երաշխավորել, խոսել սեփական մաքսային, հարկային համակարգերի, Հայկական բանակի մասին. «Սովետը չուներ այդպիսի բաներ: Սա համարձակ, գրագետ, մշակված փաստաթուղթ էր: Այս փաստաթուղթը հարկավոր է սիրել, գուրգուրել, պահպանել և իրականացնել սրա բոլոր դրույթները: Աղոթենք Աստծուն, որպեսզի շուտ այս իշխանություններից պրծնենք, և գա մի իշխանություն, որը գործով պահպանի անկախությունը: Սա բանաստեղծություն չի, սա խելքի գործ է: Անկախությունը պետք է պահես, փայփայես: Երեխա մեծացնելու նման է. կարո՞ղ ես երեխա մեծացնել, եթե փող չունես, եթե շոր չես հագցնում, եթե սնունդ ու կրթություն չես տալիս»:

Պատգամավորը նշեց, որ հիմա ոչ թե՝ այդ փաստաթղթի իրականացման, այլ՝ կորստի փուլում ենք. «Այս իշխանությունների շնորհիվ Հայաստանը դարձել է ոչինչ, և որևէ լծակ չունի իր անկախությունը խորացնելու համար: Երկիրը անկախ է այնքան, որքան դրսի խաղացողների հետ ունես կապվածություն, շաղկապվածություն, հարաբերություններ, և քո գոյությունը նրանց համար կարևոր է: Մեր հարևաններ Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, Իրանն ու Ռուսաստանը մեր կողքի խաղացողներն են, ու պետք է անել այնպես, որ մեր ներկայությունը նրանց համար շահավետ լինի: Բայց մենք տեսնում ենք, որ նրանք միմյանց հետ համագործակցում են, իսկ մենք դուրս ենք մնում այդ գործընթացներից, ու հեռանկարում էլ ոչինչ չի երևում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս