Բաժիններ՝

Որտե՞ղ է Պերմյակովը կրելու պատիժը

Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանի համար ևս պարզ չէ, թե որտեղ է Պերմյակովը կրելու պատիժը: Լրագրողների հետ զրույցում Աղաջանյանը նշեց, որ տվյալ հարցին ոչ միայն դատավորը չի անդրադարձել, այլ նաև մեղադրողը:

«Այդ հարցին չանդրադարձավ նաև մեղադրող կողմը, այդ իսկ պատճառով պաշտպանական կողմն էլ իր ճառում չանդրադարձավ՝ մտածելով, որ այդ հարցին կանդրադառա դատարանը: Բայց ինչպես տեսանք, այդ հարցը դատարանն էլ շրջանցեց, և այս պահի դրությամբ պաշտպանական կողմի համար էլ է անհասկանալի թե Պերմյակովը որտեղ է կրելու իր պատիժը: Ես էլ էի սպասում, որ դատավորը դատավճռով կանդրադառնա, բայց դատարան էլ անորոշության մեջ թողեց»,- նշեց Էդուրադ Աղաջանյանը:

Խոսելով դատավաճիռը բողոքարկելու հնարավոր տարբերակի մասին՝ պաշտպանը փաստեց, որ այդ հարցին պատասխանելու համար նախ պետք է ստանա դատավճիռը, ուսումնասիրի այն և միայն ամբաստանյալի հետ հանդիպումից հետո բողոքարկման մասին կկարողանա խոսել:

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանՆ օգոստոսի 23-ին կայացած նիստի ժամանակ ցմահ ազատազրկման դատապարտեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին՝ համադրելով Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը` առանձին դաժանությամբ« շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ավազակային հարձակում, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 34-329 հոդվածի առաջին մասով (պետական սահմանի ապօրինի հատման փորձ) նախատեսված պատժաչափերը: Ցմահ պատժի հետ համադրվում է նաև ռուսական կողմի գործով 10 տարվա ազատազրկման պատիժը:

Պատիժը կրելու ժամկետը հաշվվում է 2015թ-ի հունվարի 13-ից՝ Պերմյակովի կալանավորման օրվանից:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն« այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս