
Հիլարի Քլինթոնը հերքել է առողջական խնդիրներ ունենալու մեղադրանքները

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հերքել է առողջական խնդիրներ ունենալու մեղադրանքները, ինչի մասին վերջին շրջանում հաճախ գրում են ԶԼՄ-ներն ու սոցցանցերը:
Այս մասին նա ասել է ABC հեռուստաալիքի եթերով հեռարձակվող Jimmy Kimmel Live շոուի ժամանակ:
Բացի այդ` Քլինթոնի առողջական վիճակի մասին ահազանգում է նրա մրցակից Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով` Քլինթոնը բարոյական և ֆիզիկական դիմադրողականություն չունի ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար:
«Չգիտեմ` ինչու են նրանք նման բաներ խոսում: Կարծում եմ` մի կողմից` դա նրանց հիմար ռազմավարության մասն է, մյուս կողմից` այդ ամենը բացարձակ իմաստ չունի: Երբեմն ինձ թվում է, թե այդ նախագահական արշավն անցնում է այլընտրանքային իրականությունում, որտեղ ես ստիպված եմ պատասխանել հարցերի` արդյո՞ք ողջ եմ, որքա՞ն է ինձ մնում ապրելու»,- պատասխանել է Քլինթոնը:
ԱՄՆ նախկին պետքարտուղարի ուժը ստուգելու համար հաղորդավարը նրան առաջարկում է բացել պահածոյի տարա, որը Քլինթոնը բացում է` ձևացնելով, թե դա իրեն դժվարությամբ է տրվում:
Նշենք, որ Քլինթոնի առողջությունը բազմիցս քննարկման թեմա է դարձել ԶԼՄ-ներում և սոցցանցերում: