Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը հայտարարել է, թե Հայաստան եկող գազամուղի ահաբեկչությունը կարող էր ձեռնտու լինել Սաակաշվիլիին

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն կարծում է, թե Ռուսաստան-Հայաստան գազատարի ահաբեկչությունը երկրում աշնանը կայանալիք ընտրություններից առաջ կարող էր ձեռնտու լինել երկրի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին և նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը, հայտնում է «Կոմերսանտը»:

«Դժվար չէ գլխի ընկնել, որ մինչ ընտրություններն ապակայունացումը շատ ձեռնտու է Սաակաշվիլիին և նրա կուսակցությանը: Ես չեմ կարող անմիջականորեն մեղադրել նրանց գազատարի ահաբեկչության նախապատրաստության մեջ, սակայն նրանց մտքին կարող էր առաջանալ նման պլան»,- ասել է Կոբախիձեն վրացական GDS հեռուստաընկերության եթերում:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ խափանել Է ահաբեկչական գործողության իրականացումը:

Ձերբակալվել է յոթ մարդ, որոնց թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լեւան Մամպորիան: Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:

Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչը, կալանավորվածները պլանավորում էին պայթեցնել Սագուրամ գյուղի տարածքով անցնող գազամուղը, որը միացնում է Ռուսաստանը և Հայաստանը: Ահաբեկչական գործողության նախապատրաստման մեղադրանքով ձերբակալվել էին Վրաստանի հինգ քաղաքացիներ՝ Բեկա Բ-ն, Վլադիմիր Ռ-ն, Մինդիա Ռ-ն, Ջաբա Մ-ն, Նուրի Չ-ն:

Բացի այդ, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստով ձերբակալված է պարեկային ոստիկանության գործող աշխատակից Լեւան Մ-ն, ինչպես նաև հանցագործության մասին չիրազեկելու համար՝ քաղաքացի Իրակլի Բ-ն:

Տեսանյութեր

Լրահոս