
«Այն ինչ տեղի է ունենում Հալեպում, ահավոր է, դա հումանիտար աղետ է». Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել 48-ժամյա դադար ապահովել Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցող մարտական գործողություններում՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին Անգելա Մերկելը հայտարարել է Rhein-Neckar-Zeitung թերթին տված հարցազրույցում:
«Այն ինչ տեղի է ունենում Հալեպում, ահավոր է, դա հումանիտար աղետ է: Ուստի կրակի երեքժամյա դադարեցումները, որոնք առաջարկել են նախագահ Ասադը եւ նրա դաշնակից Ռուսաստանը, բնավ բավարար չեն, դրանք ցինիկ են մարդկանց տառապանքների պայմաններում»,- ասել է Մերկելը:
«Ցանկացած միջազգային կազմակերպություն կասի, որ այդ ժամանակը բավական չէ մարդկանց անհրաժեշտ մատակարարումն ապահովելու համար»,- հավելել է նա: Կանցլերը մատնանշել է, որ «ՄԱԿ-ի գնահատմամբ՝ անհրաժեշտ է առնվազն 48 ժամ, բայց նույնիսկ դա էլ միայն առաջին քայլն է, որը պետք Է ապահովեն Ռուսաստանը եւ Սիրիայի ղեկավարությունը», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: