Կվիրիկաշվիլին Ախալքալաքում հայ ընտրողներին է ներկայացրել «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանին

Ախալքալաքը ներկայացուցիչ կունենա Վրաստանի խորհրդարանում նաև համամասնական ցուցակով, երեկ Ախալքալաքում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ, իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Գեորգի Կվիրիկաշվիլին` ներկայացնելով «Վրացական երազանքի»` Ախալքալաքիի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Կվիրիկաշվիլին ևս մեկ անգամ ընդգծել է, որ Վրաստանը բազմազգ, բազմամշակութային երկիր է, և կառավարությունը ամեն ինչ անելու է յուրաքանչյուր քաղաքացու շահերը պաշտպանելու համար:

Ախալքալաքի հայ բնակչության հետ հանդիպմանը Վրաստանի վարչապետը խոսել է փոփոխությունների մասին, որ իրականացվել է անցած 4 տարում և հայտարարել, որ 2011թ. աշնանից, երբ Բիձինա Իվանվիլին հանդես եկավ քաղաքական կուսակցության ստեղծման մասին հայտարարությամբ, Վրաստանի քաղաքական կյանքում զգալի փոփոխություն տեղի ունեցավ` քաղաքացիներն ազատվեցին պետական ապարատի ճնշումներից, և Վրաստանն այսօր որակապես միանգամայն այլ երկիր է:

«Մի կողմից` մենք հավատարիմ ենք մնում արևմտյան կուրսին, իսկ մյուս կողմից` փորձում ենք կարգավորել հարաբերությունները հարևան երկրների հետ, հատկապես նկատի ունեմ Ռուսաստանը: Ոչ մի փոխզիջում չի լինելու տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում, սակայն Վրաստանին անհրաժեշտ են նորմալ հարաբերություններ բոլոր հարևանների հետ»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Նա անդրադարձել է այն կարևոր նախագծերին, որոնք տարածաշրջանում իրականացվել են Հենզել Մկոյանի հետ, որոնց թվում են եղել գյուղերի գազաֆիկացումը, ենթակառուցվածքային նախագծերը:

Տեսանյութեր

Լրահոս