
Ադրբեջանն ու ԵՄ-ն վերսկսում են բանակցությունները

Ադրբեջանն ու Եվրամիությունը վերսկսում են բանակցությունները համագործակցության առկա մեխանիզմի շրջանակում, ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:
«Սեպտեմբերին աշխատանքը կսկսեն ենթակոմիտեները: Աշնան ընթացքում պլանավորված է 4 ենթակոմիտեների նիստերի անցկացումը, որոնք գործում են առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, էկոլոգիայի ոլորտներում, անվտանգության, մարդու իրավունքների, կրթության և այլ սոցիալական հարցերի ոլորտներում»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան:
Մամեդգուլիևի խոսքով` այդ խորհրդատվություններն անցկացվելու են` անկախ ԵՄ խորհրդի կողմից ռազմավարական համագործակցության նոր համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ սկսելու մանդատի տրամադրումից:
«Սպասվում է, որ մանդատն Ադրբեջանին կտրամադրվի հոկտեմբերին, սակայն դա դեռ նախնական ժամկետ է: Անկախ դրանից` մենք կվերսկսենք ԵՄ-ի հետ աշխատանքը համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմի շրջանակում»,- ասել է նա` նշելով, որ համաձայնագրի ստորագրումն ավելի կբարձրացնի երկու կողմերի միջև համագործակցության մակարդակը:
Այսօրվա դրությամբ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գործող երկկողմ հարաբերությունները կարգավորվում են գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի հիման վրա, որն ստորագրվել է 1996 թվականին և ուժի մեջ է մտել 1999-ին:
Նոր համաձայնագիրը նախատեսում է Ադրբեջանի օրենսդրության մերձեցում ԵՄ-ի առավել կարևոր միջազգային և առևտրային նորմերին, ինչը կհանգեցնի ադրբեջանական արտադրանքի մատչումի բարելավմանը ԵՄ շուկայում:
Այսօր ԵՄ-ն Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերն է: