«Արցախում փաստացի իրավիճակը լրիվ այլ է». Հովհաննես Սահակյան

«Օրեր առաջ մենք քաղաքական ու հասարակական գործիչների հետ Արցախում էինք, շրջել ենք հարավից մինչև հյուսիս սահմանագծով, շփվել զինվորների ու ժողովրդի հետ: Այսօր Արցախն իր բնականոն կյանքով է ապրում, և այնտեղ հող հետ տալ-չտալու հարցադրումները նույնիսկ չկան, մարդիկ իրենց առօրյա կյանքով են զբաղված»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հայտարարությունը, որ 2007թ.-ին վերադարձվելիք շրջանները բոլոր 7-ն էին, 2009-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փոխել է իր դիրքորոշումը և առաջարկել վերադարձնել Ադրբեջանին միայն 5 շրջան, այս տարի հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է սկսել 2 շրջանի վերադարձից, իսկ Երևանում ՊՊԾ գնդի գրավումից հետո հայկական կողմի դիրքորոշումն ավելի է կոշտացել:

Ըստ նրա՝ սահմանագիծը բավականին փոխվել է թե´ արդիականացման, թե´ ինժեներատեխնիկական աշխատանքների առումով. «Այնտեղ կատարվող աշխատանքները, կարծես, հող հետ տալու տրամադրություն չէին հուշում ինձ: Թե´ սահմանագծում, թե´ Արցախում, այդ թվում՝ Թալիշում, որտեղ փոքրիկ երեխաներ կային, հասկացանք, որ դա ընդամենը որոշակի գործընթացներ են՝ քարոզչական, տեխնոլոգիական և այլ:

Մենք մշտապես եղել և մնում ենք մեր տեսակետին՝ «փոխզիջումներ», «զիջումներ» տերմինները միայն Հայաստանին չեն վերաբերում, դրանք նախևառաջ պետք է ուղղել դեպի հակառակ կողմը, թե ինչի են նրանք պատրաստ: Երբ կհստակեցնեն իրենց դիրքորոշումը, այն ժամանակ կխոսենք: Հիմա Արցախն օրեցօր զարգանում է թե´ տնտեսապես, թե´ նաև, ամենակարևորը, ընկալումն ու գիտակցումն է փոխվել ամեն ինչի հետ կապված, ապրիլյան պատերազմից հետո և´ արժևորվել է, և´ խնամքով են վերաբերվում ամեն մի թիզ հող ու թփին, որովհետև թշնամին նենգ է և կարող է նույնիսկ օրը ցերեկով մտնել ու անգամ տարեց մարդկանց խոշտանգել: Դրա համար մի փոքր հանգստությունը կարծես նահանջել էր և ավելի զգոնություն էր եկել, այս առումով պատկերն այլ էր, և, անկախ նրանից, թե ով ինչ կասի, ինչ դիրքորոշում է փոխվել, թե ոչ, փաստացի իրավիճակը լրիվ այլ է Արցախում»:

Հ.Սահակյանը կոչ արեց հայորդիներին՝ ապրիլյան պատերազմից հետո ցույց տրված աջակցությունը շարունակել, քանի որ այսօր էլ շարունակական պահանջ կա արդիականացման, և կատարված աշխատանքն էլ հուսադրում է, որ այդ բոլոր միջոցները ճիշտ են օգտագործվել:

Տեսանյութեր

Լրահոս