Բաժիններ՝

«Բնակիչներին վերաբերող որոշումների մասին նրանք չեն իրազեկվում. քաղաքապետարանը թքած ունի ավագանու որոշման վրա». «Բարև Երևան»

«Երևան համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» Երևանի ավագանու 30.04.2014թ. 154-Ն որոշումը հնարավորություն է տալիս բնակիչներին մասնակից լինել համայնքի կառավարմանը, համայնքում որոշումների կայացմանը: Սակայն վերջին շրջանում «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին հասցեագրված բողոքները վկայում են այն մասին, որ ղեկավար մարմինները թքած ունեն այս որոշման վրա:

Այս առիթով ս.թ. օգոստոսի 8-ին տիկին Բախշյանը նամակ հղեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես նշված է. «Վերոնշյալ որոշմամբ ընդունված կարգի 3-րդ գլխի «Քաղաքապետի և աշխատակազմի քարտուղարի լիազորությունները տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության ապահովման բնագավառում» վերնագրի 4-րդ կետը քաղաքապետից և աշխատակազմի ղեկավարից պահանջում է կազմակերպել համայնքում կատարվող ծրագրերի վերաբերյալ հասարակական իրազեկումն ու լսումների անցկացումը: «Համայնքում կատարվող ծրագրեր» ասելով կարծում եմ, պետք է հասկանալ այն խնդիրները, որոնք վերաբերում են տվյալ տարածքին ու բնակիչներին: Սակայն դա, փաստորեն, չի արվում, որովհետև այդ մասին են վկայում երևանցիների բազմաթիվ բողոքներն այն մասին, որ այստեղ-այնտեղ շինթույլտվություն է տրվում այն դեպքում, երբ տալուց առաջ դրանց վերաբերյալ բնակիչները իրազեկված չեն…»:

…Ամեն երկուշաբթի Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության արձանագրության 7-րդ հսկողականի մասին զեկուցվում է, թե ավագանու կողմից ընդունված՝ Երևանի քաղաքային համայնքում գործող պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջներն ինչպես են կատարվում, քանի քաղաքացի է վարչական տույժի ենթարկվել, որքան գումար է քաղաքապետարանի բյուջե մուտք եղել: Ենթադրում եմ, որ սույն հսկողականով, որպես քաղաքապետ, հետևողական եք Երևանի ավագանու որոշումների կատարման ընթացքի նկատմամբ: Հասկանալի է:

Ստացվում է, որ ավագանու՝ իրենց պարտականությունները չկատարող տնտեսվարող սուբյեկտներին տուգանելու ու բյուջեն հարստացնելու վերաբերյալ որոշումների իրականացմանը խստորեն հետևում եք, որի մասին ամեն երկուշաբթի զեկուցում են, իսկ համայնքի կառավարմանը, համայնքում որոշումների կայացման գործընթացներում երևանցիների համար մասնակցելու հնարավորությունը կազմակերպելը հսկողության արժանի չէ ու ամեն երկուշաբթի դրա մասին չարժե զեկուցել…

…Առաջարկում եմ աշխատանքային խորհրդակցության ժամանակ տալ հանձնարարական, ըստ որի՝ պատկան պաշտոնյան զեկուցի, թե վարչական շրջաններում իրականացվող ծրագրերի վերաբերյալ ինչպիսի հասարակական իրազեկում ու լսումներ են անցկացվել և ինչին են դրանք վերաբերել, որով կսահմանափակվեն բնակիչների դժգոհությունը հարուցող բազմաթիվ որոշումներ»,-ասվում է նույն նամակում:

Քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի ստորագրությամբ պատասխան նամակում ընդամենը հայտնում են. «… Քաղաքաշինական գործունեության հետ կապված հանրային իրազեկումներ իրականացնելու հարցը Երևան քաղաքի ավագանու 30.04.2014թ. 154-Ն որոշմամբ չի կարգավորվում»: Այսինքն՝ առաջարկս չի ընդունվել, երևանցիներին չեն ուզում լսել, բա սա կառավարման ժողովրդավար ձև՞ է»:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս