2016թ. 1-ին կիսամյակի տվյալներով` հաշմանդամ է ճանաչվել 34.756 անձ
Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր թիվը կազմում է 202 839` բնակչության 6.7 տոկոսը, որոնցից 98 458-ը կանայք են, իսկ 8 016-ը` երեխաներ: Այս մասին տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը:
Հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված հաշմանդամ ճանաչվածների գերակշռող հիվանդություններից են արյան շրջանառության, հոգեկան հիվանդությունները, նորագոյացությունները, նյարդային համակարգի հիվանդությունները, վարակային հիվանդությունները եւ այլն:
Նա տեղեկացրեց, որ 2016 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ընդհանուր փորձաքննվածների թիվը կազմել է 36 556 անձ, առաջին անգամ փորձաքննության են ենթարկվել 8 980 անձ, վերափորձաքննվել են հաշմանդամություն ունեցող 27 479 անձ: Հաշմանդամ են ճանաչվել 34 756 անձ, իսկ առաջին անգամ փորձաքննվածներից հաշմանդամ չեն ճանաչվել 942-ը:
Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում վերականգնումը կազմել է 1 633` ընդհանուր թվի 6.2 տոկոսը, որից մասնակի վերականգնումը` 2.9 տոկոս, իսկ լրիվ վերականգնումը` 3.3 տոկոս:
114 թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է ընդամենը 11 քաղաքացու դիմում-բողոք, ինչն անհամեմատ նվազել է 2015 թվականի համեմատությամբ` 61: