Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները թերություններ են տեսել Պերմյակովի գործում
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործում տուժողի իրավահաջորդների շահերի պաշտպանները թերություններ են տեսել:
Նրանք պնդում են, որ չեն բացահայտվել հանցագործության կատարման դրդապատճառները և շարժառիթը: Օգոստոսի 19-ին կայացած նիստի ժամանակ տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Արթուր Սաքունցը նշեց, որ այս ողջ պրոցեսի ընթացքում քննվել է միայն Ավետիսյանների սպանության փաստը, սակայն մի շարք հանգամանքներ ու փաստեր չեն քննվել, այդ թվում՝ ամենակարևորը Պերմյակովին զորակոչելու և Գյումրի ծառայության ուղարկելու և զենք կրելու հանգամանքը, ինչպես նաև ռազմաբազայի կողմից Պերմյակովի փախուստի մասին հայկական կողմին 4 ժամ ուշացումով տեղեկացնելու փաստը:
Ըստ Սաքունցի` ռուսական կողմի քրեական գործի փաստաթղթերի մեջ, որոնք փոխանցվել են հայկական կողմին, ի հայտ են եկել մի շարք փաստեր, որոնք ուշադրության չեն ենթարկվել, այնինչ, դրանք անչափ կարևոր կարող էին լինել՝ դրդապատճառները և շարժառիթը պարզելու համար, օրինակ, Վալերի Պերմյակովի «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում մի քանի օգտատերերի հետ ունեցած գրությունները՝ բանկային հաշիվներին գումարների փոխանցման մասին:
Ինչպես փաստեց տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչը թերի է նաև այն, որ հարցաքննության չեն հրավիրվել Ավետիսյանների տան մոտ բնակվող մի շարք հարևաններ, որոնց ցուցմունքերը ևս կարևոր էին: Այսպիսով, ըստ Սաքունցի՝ այս գործընթացն իրականացվել է թերի:
Պերմյակովի գործով վճիռը կհրապարակվի օգոստոսի 23-ին` ժամը 12:00-ին:
Արմենուհի Մխոյան