«Ակոս»-ի լրագրողը հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի լրագրող Արիս Նալջըն հայտնվել է Ադրբեջանի արտգործնախարարության «անցանկալի անձանց» «սեւ ցուցակում»:

«Ակոս» թերթն այդ առնչությամբ հայտնում է, որ այդ մասին Ադրբեջանի ԱԳՆ-ը տեղեկացրել է թերթին հղած էլեկտրոնային նամակում, որում որպես հիմնավորում նշվել է այն, որ Արիս Նալջըն «առանց Բաքվի թույլտվության» այցելել է Արցախ, հարցազրույց ունեցել տեղի պաշտոնյաների հետ եւ այդ մասին 2014 թվականին հոդված հրապարակել թուրքական T24 կայքում:

Նամակում նշվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի կազմած «սեւ ցուցակում» ընդգրկվում են բոլոր այն օտարերկրացիները, որոնք առանց պաշտոնական Բաքվի թույլտվության այցելում են Լեռնային Ղարաբաղ:

591 հոգանոց անցանկալի անձանց ցուցակում նշված է Թուրքիայի քաղաքացի, գիտնական Էզգիսու Բիբերի անունը եւս:

Ադրբեջանում այդ զավեշտալի ցուցակն օգտագործվում է նաեւ իշխանություններին ընդդիմախոսողներից ազատվելու համար: Այսպես, ցուցակում է նաեւ երբեք Արցախ չայցելած «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի աշխատակից Խադիջա Իսմայիլովան, որն իր լրագրողական բացահայտումներով մերկացրել է Ադրբեջանի իշխող Ալիեւների ընտանիքի կոռուպցիոն գործունեությունները:

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր «սու ցուցակում» ընդգրկել է նաեւ իշխանամետ haqqin.az լրատվական կայքի թղթակից Զաուր Ռասուլզադեին, որը համարձակվել քննադատել ԱԳՆ-ի աշխատանքը:

Ադրբեջանի ԱԳՆ «սեւ ցուցակում» հայտնված անձանց արգելվում է մուտք գործել այդ երկիր:

Ադրբեջանը արգելում է երկիր մուտք գործել հայկական ազգանունով յուրաքանչյուր անձի: Այսպես, Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի ժամանակ արգելվել էր Թուրքիայից Ադրբեջան եկած երաժիշտ Բուրաք Բեդիկյանին: Թուրք բազկամարտիկ Զաֆեր Զոյանին եւս թույլ չի տրվել մուտք գործել Ադրբեջան միայն այն բանի համար, որ նրա ազգանունը վերջավորությունը «յան» է, գրում է «Ակոս»-ը:

Articolo21.org կայքն ավելի վաղ հայտնել է, որ Բաքվի իշխանությունների անցանկալի անձանց «սեւ ցուցակում» ընդգրկված են ամբողջ աշխարհի տարբեր երկրներից մոտ 600 անձանց անուններ: Դրանց մեջ են հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչներ, թատերական կոլեկտիվներ, գրողներ, լրագրողներ, 20 իտալացիներ, աշխարհահռչակ երգչուհիներ Կազարնովսկայան, Կաբալյեն: Նրանք բոլորը Բաքվի այդ զավեշտալի ցուցակում հայտնվել են միայն այն պատճառով, որ «մեղավոր» են իրենց գործունեության հետ կապված ԼՂՀ այցելության մեջ:

Այդ ցուցակից ԼՂՀ այցելող յուրաքանչյուր ոք հայտարարել է, որ մեղմ ասած` թքած ունի այդ «սեւ ցուցակի» վրա, քանի որ այն հանդիսանում է անմիջական հարձակում իր եւ կարծիք արտահայտելու ազատության վրա:

Տեսանյութեր

Լրահոս