
Կնոջ ողջ մարմինը ծածկող հագուստն անընդունելի է. Գերմանիայի ՆԳՆ

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է, որ ամբողջությամբ կնոջ մարմինը ծածկող հագուստը, որը կրում են մուսուլմանուհիները, չի համապատասխանում գերմանական հասարակությանը: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Մեր հասարակությունում ընդունված է ցուցադրել դեմքը»,- ասել է դե Մեզյերը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պահպանողական բլոկի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես են եկել ամբողջությամբ մարմինը թաքցնող կանացի հագուստն արգելելու կոչերով, քանի որ վերջիններս ցուցադրում են անբավարար ինտեգրում, կնոջ ստորադաս դերի և ենթարկվելու խորհրդանիշ են, ինչպես նաև կարող են հարուցել անվտանգության սպառնալիք:
Գերմանացի նախարարն ընդգծել է, որ բաց դեմքն անհրաժեշտ է ինչպես երկրի սոցիալական միասնականության համար, այնպես էլ` ելնելով անվտանգության նկատառումներից, օրինակ` մեքենա վարելիս:
Նա բացատրել է, որ դեմքը ծածկող հագուստը կարող է խանգարել վարորդին կենտրոնանալ ճանապարհի վրա, քանի որ սահմանափակում է տեսանելիությունը:
Բացի այդ` նման հագուստով մարդուն ճանապարհային տեսախցիկները չեն կարող լուսանկարել:
Նախարարն ընդգծել է, որ խոսքը նիկաբի կամ փարաջայի մասին է, որոնք ամբողջությամբ ծածկում են մարմինն ու դեմքը` թողնելով միայն կտրվածքներ` աչքերի համար:
«Մուսուլմանական գլխանոցներն այլ պատմություն են»,- հավելել է նա: