
ԴԱԻՇ-ն ստանձնել է Մերձմոսկվայում ոստիկանների վրա հարձակման պատասխանատվությունը

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Մերձմոսկվայում ոստիկանների վրա կատարված հարձակման պատասխանատվությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը` հղում կատարելով SITE Intelligence Team դիտորդական խմբին:
Ինչպես ասվում է դիտորդների հաղորդագրության մեջ, խմբավորումը հայտարարել է, որ ծագումով չեչենները, որոնք կացինով հարձակվել են ոստիկանների վրա և փորձել նրանցից խլել զենքերը, եղել են «ԴԱԻՇ-ի մարտիկներ»: Այդ մասին հաղորդագրությունը հայտնվել է ԴԱԻՇ-ի Amaq լրատվական կայքում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Մերձմոսկվայում` Բալաշիխայի շրջանի Շչելկովյան խճուղում, ոստիկանների վրա 2 մարդ էր հարձակվել: Նրանցից մեկը զինված էր եղել կացինով, որով հարվածել էր ոստիկաններին: Ոստիկանությունը կրակ էր բացել, հարձակվողները սպանվել էին, ևս մեկ ոստիկան վիրավորվել էր: Հարձակվողները համախոհներ չէին ունեցել:
Ի սկզբանե, ՌԴ ՆԳՆ-ն պնդում էր, որ հարձակվողները եղել են Միջին Ասիայից, սակայն նախօրեին «Ինտերֆաքսի» աղբյուրները հայտարարել էին, որ նրանք եղել են Չեչնիայից: