««Սասնա ծռերի» քաղաքական խորհուրդը չի մասնակցելու առաջիկա ընտրություններին». Ալեք Ենիգոմշյան

«Սասնա ծռեր» քաղաքական շարժման խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով հարցին՝ «Սասնա ծռերի» քաղաքական խորհուրդը կմասնակցի՞ արդյոք առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին, ասաց, որ չեն մասնակցելու. «Նման բան չի կարող լինել: Մեր խնդիրն է՝ մինչ այդ նշանակված «ընտրությունները» հաղթանակի հասնելը և որևէ ռազմավարություն չի կարող հենված լինել 2017թ. սպասվող «ընտրությունների» վրա: Առաջիկա ամիսների համար կձևակերպվի մեր ռազմավարությունն ու մարտավարությունը: Իհարկե, զուտ տեսական առումով եմ ասում, որ, եթե այնպես ստացվի, որ մինչև նշանակված ընտրությունների թվականն այս ռեժիմը չհեռանա, բնականաբար, այդ օրը մեր մարտավարության մեջ կունենա էական նշանակություն»:

Անդրադառնալով ՊՊԾ գնդում սպանված 3 ոստիկանների մահվան համար պատասխանատվություն կրելու խնդրին, նա ասաց, որ նրանցից մեկի սպանությունը կապ չունի «Սասնա ծռերի» հետ. «Նրանց գործողությունների արդյունքում չի զոհվել: Մյուս երկու ոստիկաններն իրենց վերքերը ստացել են փոխհրաձգության ժամանակ: Այսինքն՝ պաշտպանության արդյունքում զոհվել է երկու ոստիկան»:

Դիտարկմանը՝ այսինքն՝ դա պաշտպանություն էր, ու մահերի համար պատասխանատվություն կրողներ չպե՞տք է լինեն, նա այսպես արձագանքեց. «Պատասխանատվություններ կրողներ պետք է լինեն, բայց նաև ամբողջ Հայաստանում տիրող իրավիճակի համար պատասխանատվություն կրողներ պետք է լինեն: Եթե միայն այդ երկու մահացությունների կապակցությամբ պատասխանատվություն կրողներ փնտրվեն և, այսպես ասած՝ օրենքի կիրառում կատարվի, դա արդեն շարունակությունը կլինի նույն այս անարդար իրադրության»:

Ինչ վերաբերում է խորհրդի գործողություններին, ապա Ալեք Ենիգոմշյանը հիշեցրեց, որ վաղը 19:30-ին հանրահավաք է սպասվում՝ ընդգծելով, որ կլինեն հստակ քաղաքական ելույթներ:

Իսկ հարցին՝ հնարավո՞ր է՝ ևս մեկ զինված գործողություն խմբի հիմնական նպատակի՝ Սերժ Սարգսյանի հեռացման համար, և արդյո՞ք կարդարացնի ինքը դա, Ենիգոմշյանը պատասխանեց, որ չի կարող նման բան ասել, սակայն նշեց, որ ապստամբություն իրականացնելը ցանկացած քաղաքացու իրավունքն է:

Տեսանյութեր

Լրահոս